Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Ա՛յ Սլուցկի, դուք ո՞վ եք, որ պետք է ձեզ խնդրենք, կոնֆե՞տ եք մեզ տալիս»

Մարտ 30,2015 12:04

Այսօր «Հայելի» ակումբում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրիի ողբերգական դեպքերին անդրադառնալով՝ ասաց, որ հանրության պահանջը չի կատարվել: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անընդհատ նամակներ է գրում ՌԴ իր գործընկերոջը, որոնք մնում են անպատասխան. «Սերժ Սարգսյանը, ըստ Սահմանադրության, ՀՀ անվտանգության երաշխավորն է: 2,5 ամիս է անցել, մենք չտեսանք որեւէ որակյալ խոսք, որ նման բաներ այլեւս տեղի չեն ունենա ՀՀ տարածքում: Կարծես ոչինչ չի եղել: Մարդն իր անգործությամբ ցույց տվեց, որ կապ չունի քաղաքացիների շահի հետ: Մարդիկ կան, ասում են՝ ի՞նչ անի այդ խեղճ մարդը: Պետք է տեխնիկական երաշխիքներ մշակի, ռուսներին ու մեր մասնագետներին նստեցնի մի սեղանի շուրջ, մշակի մի բան, որ անհնարին կդարձնի նման բաները:

ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Գյումրիում հայտարարել էր, որ Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում՝ ռուսական դատարանի կողմից՝ ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին:

Լեւոն Բարսեղյանը հարց ուղղեց. «Ո՞վ է խնդրել հայ ժողովրդից, ո՞վ իրավունք ունի հայ ժողովրդի անունից խնդրել: Դուք ո՞վ եք, որ պետք է ձեզ խնդրենք: Սլուցկի կոչեցյալները մեզ երրորդ, չորորդ սորտի տե՞ղ են դրել, կոնֆե՞տ եք մեզ տալիս: Իր կարծիքն էլ ասում է՝ ես գտնում եմ, որ դատը պետք է բաց լինի: Իսկ օրենքներ չկա՞ն: Ա՛յ Սլուցկի, ի՞նչ խնդրելու մասին է խոսքը: Երբ իշխանությունները երկրի գլխին չէ, սլուցկիները կգան այսպես զառանցանքներ կանեն: Խնդիրն այն է, որ Հայաստանը սեպտեմբերի 3-ից կորցրել է իր ինքնիշխանությունը: Սա դրա արդյունքն է»:

Լեւոն Բարսեղյանը գտնում է, որ Ավետիսյանների 7 զոհերը պետք է ունենային առնվազն մեկական փաստաբան, որպեսզի գործը լիներ վերահսկելի:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասել էր, որ 102-րդ ռազմաբազայի անձնակազմից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել, ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել: Այս առնչությամբ Լեւոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ «Մարդկանց արդյունք է հետաքրքրում: Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են՝ պետք է կրեն իրենց պատիժը: Այդ տեխնիկական մանրուքները որեւէ մեկին հետաքրքիր չեն: Ես կարծում եմ, որ 2,5 ամսում այդ գործը պետք է բացահայտած լինեին»:

Տեղեկություններ կան, որ 19 մեղադրյալ է հայտնաբերվել՝ Գյումրիի բախումներից հետո: Լեւոն Բարսեղյանն ասաց, որը ինքը գիտի 12-ի մասին. «Նրանց ոնց որ պատանդ վերցրած լինեն: Խոպանի տոմսերը ստացել են, հետ են տվել, ստորագրություն են տվել չհեռանալու մասին եւ փաստորեն գերի են ընկել»:

Ինչ վերաբերում է Գյումրիում ռուսական ռազմաբազայի համար տարածքներ տրամադրելուն՝ Լեւոն Բարսեղյանն առաջարկ ուներ իշխանություններին՝ ռուսական ռազմաբազաները տեղակայել Բաղրամյան 26-ի կողքը, Մխչյանում, Տեղ գյուղում. «Որ հանկարծ դրանք ելնեն ջուր ուզելու, կողքի տները մտնեն: Թող իմանան ինչ բան է պերմյակովների զորամասերի կողքին ապրելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031