Ինչպես հայտնի է, մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց սպանվեցին երեք անձ, որոնցից մեկը Դրաստամատ Թադեւոսյանն էր՝ «Դրո»): Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Դրոյի հոգեհանգստի արարողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները բնակարանի խուզարկության թույլտվության որոշմամբ հայտնվել են Դրոյի մոր, ինչպես նաեւ նրա եղբոր` Սեպուհ Թադեւոսյանի (նա Հունաստանից էր վերադարձել եղբորը հրաժեշտ տալու համար) բնակարանում եւ օժանդակ կառույցներում։
Ի դեպ, բնակարանի խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացրել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը եւ ուշադրության է արժանի այն, որ խուզարկության անհրաժեշտությունը հիմնավորվել է ոմն Ն. Մ.-ի բնակարանից 2 մլն ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերի հափշտակությամբ։ Քրեական հետախուզության աշխատակիցները դա հիմնավորել են նրանով, որ հնարավոր է այդ ոսկեղենը թաքցված լինի Սեպուհի բնակարանում կամ օժանդակ կառույցներում։ Բնակարանում գողությունը, ըստ «օպերատիվ տվյալների», տեղի է ունեցել Դրաստամատ Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ։
Aravot.am-ին հանգուցյալի մայր Սիրուն Նաջարյանը հայտնեց, որ չի ստորագրել խուզարկության արձանագրության տակ, խուզարկությանը մասնակցել է նաեւ իր ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Ֆերոյանը, որը նույնպես չի ստորագրել։
Ի դեպ, ըստ խուզարկություն կատարած ոստիկանների արձանագրության, խուզարկությամբ քրեական գործի համար ոչինչ չի հայտնաբերվել եւ ոչինչ չի առգրավվել։