Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ազատվել «հայր-որդի» մոդելից

Մարտ 30,2015 15:00

Եվ անցնել հասարակական պայմանագրի՝ դա է մեր հասարակության խնդիրը

Հիմնական քաղաքական, մասամբ նաեւ փիլիսոփայական բանավեճը, որը ծավալվում էր 17-րդ դարի Եվրոպայում եւ առաջին հերթին՝ Բրիտանիայում, հետեւյալն էր՝ արդյոք իշխանությունը ի վերուստ տրված Աստծո շնո՞րհ է, թե՞ այն պետք է ձեւավորվի այլ՝ ոչ ժառանգական մեխանիզմներով: Ընդ որում, պարտադիր չէ, որ երկրորդ տեսակետի կողմնակիցները լինեն ավելի «առաջադեմ»՝ Հռոմի պապի իշխանությունը թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ժառանգական չէ, ընտրովի է, բայց Վատիկանը հաճախ բավականին հետադիմական դեր է խաղացել: Ընդհանրապես ժառանգականության «լեգիտիմության» դեմ ըմբոստանում էին թե՛ կաթոլիկ եւ թե՛ բողոքական այրերը՝ հաճախ հետապնդելով բացարձակապես «ոչ ժողովրդավարական» նպատակներ:

Այսօր, իհարկե, բավականին տարօրինակ է հնչում, որ այն ժամանակաշրջանում շատերը քաղաքական իշխանությունը բխեցնում էին հոր եւ որդու հարաբերություններից, եւ դա իբր գալիս էր բոլորի նախահայր Ադամից: Այսօրվա Եվրոպայում դա անհեթեթ է թվում, բայց Հեռավոր Արեւելքում նման տեսությունները, որոշակի տրանսֆորմացիաներ ապրելով, պահպանվել են եւ, օրինակ, ճապոնացիներին չեն խանգարում ունենալ ժամանակակից, բարգավաճ պետություն: Ըստ այդմ՝ «Միկադոն» (որի տակ հասկացվում էր ոչ միայն կայսրը, այլեւ պետական համակարգը) սերում էր ուղիղ Արեւի աստվածուհուց, մնացած ճապոնացիները, այդ ավանդույթի համաձայն, նույն աստվածուհու ժառանգորդներն են, սակայն՝ նրա կրտսեր ճյուղերից: Չնայած անցած դարի կեսերին Ճապոնիայի 124-րդ կայսր Հիրոհիտոն պաշտոնապես հրաժարվել էր այդ տեսությունից, բայց դա ընդամենը քաղաքական զիջում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրների պահանջին եւ ազգային գաղափարախոսության հիմքերը չի խարխլել:

Հենց որ հոր եւ որդու հարաբերությունից վերանում է հոգեւոր իմաստը, այն դառնում է բռնապետության հիմք: Կարծում եմ՝ պատահական չէ, որ 20-րդ դարի բռնապետությունները՝ Ստալինից մինչեւ Պոլ Պոտ, կամ ամբողջությամբ աթեիստական էին, կամ էլ, համենայնդեպս, վերապահ էին կրոնի հանդեպ: Ժողովրդի կամ ժողովուրդների «հայրը» այլեւս թագավոր չէ, որի իշխանությունը գալիս է Աստծուց, նրա շուրջ դիցաբանությունը հյուսվում է՝ «շրջանցելով» ավանդական կրոնները: Հատկանշական է, որ գեներալ Ֆրանկոյի մահվանից հետո Իսպանիայում վերականգնվեց միապետությունը՝ թագավորի զուտ խորհրդանշական իշխանությամբ, եւ դա երկրի ժողովրդավարացման գործընթացի մի մասն էր:

Ինչո՞վ կարող են փոխարինվել «հոր եւ որդու» հարաբերությունները: Իհարկե, հասարակական պայմանագրով: Վերջինս հիմնված է «բնական իրավունքի» գաղափարի վրա, որն արտահայտել են քրիստոնյա մտածողները 17-րդ դարից շատ ավելի վաղ: Օրինակ՝ 13-րդ դարում Թովմաս Ակվինացին գրում էր. «Ամեն մի օրենք, որը ստեղծել են մարդիկ, օրենքի հատկություններ է պարունակում ճիշտ այնքան, որքան այն բխում է բնության օրենքից: Բայց եթե այն որեւէ կերպ հակասում է բնական օրենքին, ապա անմիջապես դադարում է օրենք լինելուց եւ դառնում է լոկ օրենքի խեղաթյուրում»: Այստեղից, ինչպես տեսնում եք, բավականին հեշտ է բխեցնել օրենքի առաջ բոլորի հավասար լինելու սկզբունքը՝ հենց այն սկզբունքը, որը հիմք դարձավ հասարակական պայմանագրի:

Եթե իշխանությունը այս կամ այն կերպ չի փոխանցվում հորից որդուն, ուրեմն տվյալ համայնքի կամ պետության անդամները պետք է իրար հետ պայմանավորվեն որեւէ մեկին ժամանակավորապես վարչական եւ օրենսդրական գործառույթներ տալու մասին: Հենց այդ քաղաքական փիլիսոփայությամբ է առաջնորդվում Եվրոպան 17-րդ դարից` այդ սկզբունքները հատկապես հստակ են շարադրված բրիտանացիներ Թոմաս Հոբսի, Ջոն Լոքի եւ ֆրանսիացի Ժան-Ժակ Ռուսոյի աշխատություններում:

Ավելի մանրամասն դրա մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ, սակայն այստեղ նշենք, որ հասարակական պայմանագիրը պետք է հիմնված լինի նաեւ ազգային եւ անձնական ինքնիշխանության որոշակի զգացողության վրա: Եթե ես մտածում եմ, որ իմ իշխանավորին այսպես թե այնպես նշանակում է Մոսկվան, կամ՝ եթե խաբեությամբ, զոռբայությամբ, կաշառքով է մարդն այդ դիրքի հասել, կամ Կենտկոմն է նրան նշանակել, ուրեմն ես հասարակական պայմանագրի «ապրանք չեմ»: Ուրեմն ես դարձյալ պատկերացնելու եմ իմ երկրի իշխանավորներին՝ գյուղապետից մինչեւ նախագահ, որպես «հայր», որն իմ մասին պետք է հոգ տանի, իսկ եթե չտանի՝ ես նրանից կխռովեմ կամ նույնիսկ՝ կանիծեմ: Ահա թե ինչու ենք մենք նրանց ասում՝ «թագավոր»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen Armen says:

    Մի փոքր ուղղում. ոչ թե Թոմաս Գոբս, այլ Հոբս – Hobbs:

  2. Լավատես says:

    Ցանկացած կառավարում՝լինի դա օդանավի թե բանակի, մասնագիտական գիտելիքներ ու հմտություն ու փորձ է ակնկալում եւ որքան մարդ ավելի շատ գիտելիքներ ու փորձ ունի, նրան ավելի բարձր պաշտոններ ու կոչումներ են տալիս։ Նմանապես, պետական պաշտոնյայի աշխատանքն էլ նույնպես բարդ կառավարում է եւ ակնկալում է շատ գիտելիքներ ու մեծ փորձ։ Ինձ բացարձակապես պետք չի ազատ անկախ ընտրություն կատարեմ, թե ո՞ր օդաչուական անձնակազմին ընտրեմ տվյալ ինքնաթիռի համար, որով ես պետք է թռչեմ։ Նմանապես, ինձ բացարձակապես պետք չի ազատ անկախ ընտրություն կատարեմ, թե որ պետական կառավարման անձնակազմին ընտրեմ, ես նրանց միանգամայն կվստահեմ, եթե նրանք նույն ձեւով, ինչպես օդաչուն կամ բանակի հրամանատարը՝ մասնագիտական գիտելիքների ու փորձի մեծացմանը զուգընթաց ավելի բարձր պաշտոններ ու կոչումներ ունենային։ Եթե նույնիսկ ազատ անկախ ընտրություններ լիներ մեր մոտ, միեւնույնն է, կընտրեինք լավ դերասանին եւ ոչ թե լավ գործչին։ Բանակային ծառայությունը պետական ծառայության մի մասն է կազմում, դրա համար էլ պետական ծառայությունը պետք է լինի նույն հիմունքներով, որն ունի բանակային ծառայությունը, թե չէ կունենանք հզոր բանակ ու այդ հզոր բանակի ախմախ օգտագործում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031