Լրահոս
Օրվա լրահոսը

Տունը վաճառելու հույսն էլ են Ցեղասպանության 100-ամյակի հետ կապում

Մարտ 30,2015 14:00

Դրամով վարկավորման բացակայությունը
մեծ վնասներ է հասցնում անշարժ գույքի շուկային

Որքան էլ անշարժ գույքի շուկայի մասնագետները վստահեցնում են, թե նախորդ տարվա համեմատությամբ հանրապետությունում տների գները էական թանկացում չեն արձանագրել, սակայն իրականում այս շուկայում նույնպես նկատելի գնաճ կա:

Անշարժ գույքի շուկայում վերջին 5-6 ամիսներին կատարած մեր ուսումնասիրությունները վկայում են, որ դոլարով վաճառվող տները ինչ գին որ ունեցել են մինչ այս տարադրամի թանկանալը, այդ գնով էլ ներկայումս վաճառվում են, ինչն էլ նպաստել է անշարժ գույքի թանկացմանը: Եվ չնայած նրան, որ այդ ամիսներին տների առուվաճառքի շուկան այդքան էլ աշխույժ չէր, սակայն տների գների նվազում չէր նկատվում:

Անշարժ գույքի շուկայի մասնագետ Արտյոմ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ հանրապետությունում, տնտեսական իրավիճակով պայմանավորված, տների առուվաճառքի գործարքները նվազել են, եւ հիմնական պատճառն այն է, որ բանկերը դադարել են վարկավորել:

«Մեր շատ հաճախորդներ ուզում են բնակարան գնել, բայց քանի որ նրանց մի մասը պետք է հիպոթեքով ձեռք բերի, իսկ բանկերն էլ արդեն մի քանի ամիս է՝ դրամով վարկ չեն տալիս, ուստի չեն կարողանում բնակարանը գնել: Կանխիկով գործարք անող հաճախորդները հազվադեպ են: Հիմա գուցե շուկայում մի քիչ աշխուժություն նկատվի, որ եկամտահարկը ուղղվելու է բնակարանի գումարի մարմանը, սակայն վատն այն է, որ այդ պայմանը միայն նորակառույցների համար է, իսկ շատ հաճախորդներ չեն ցանկանում նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերել եւ ավելի շատ վստահում են խորհրդային տարիներին կառուցված շենքերին»:

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ այս օրերին բարձրացել են մասնավորապես՝ վարձակալությամբ տրվող տների գները, որն էլ պայմանավորված է Նովրուզի տոներով: Ամանորը մեր երկրում տոնելու եկած Իրանի քաղաքացիները, ըստ մեր զրուցակցի, պատահում է, որ ձեռքի հետ էլ բնակարան են գնում, որպեսզի Հայաստան գալիս ոչ թե վարձով ապրեն, այլ սեփական տանը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ մեզ մոտ ունենք նաեւ իրանցի կառուցապատողներ, որոնց հիմնական հաճախորդները հենց Իրանի քաղաքացիներն են:

Թե ինչու տների գները վերջին 2-3 տարիներին չեն նվազում, հատկապես, որ մեծ մասամբ վաճառող են, ոչ թե գնորդ, ռիելթոր Արամ Գրիգորյանը բացատրում է Սիրիայից Հայաստան գաղթած հայերի գործոնով, որոնք իրենց վերջին խնայողությունները տալիս են, որ բնակարան գնեն:

Անշարժ գույքի շուկայի մասնագետներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ, նկատել է, որ այս օրերին տուն վաճառել ցանկացող մեր քաղաքացիները, որոնք դիմում են բրոքերի ծառայությանը, խնդրում են տունը հատկապես ապրիլ ամսին վաճառել, որ թանկ գնով ծախվի: Երբ ռիելթորները հետաքրքրվում են, թե ի՞նչն է պատճառը, պատասխանում են՝ Ցեղասպանության 100-ամյակի առիթով թանկ կվաճառվի, եւ հնարավոր է՝ Հայաստան եկած հյուրերից գնորդներ լինեն:

Շուկայի մասնագետները նշեցին, որ վերջերս նորակառույց շենքերի սեփականատերերը սկսել են ակցիաներ կիրառել, որպեսզի խթանեն բնակարանների վաճառքը. «Շենքերը կառուցում են ու կրակն ընկնում, գնորդ չկա, այդ պատճառով էլ սպառողին գայթակղելու համար նորակառույցների սեփականատերերը ինչ-որ ատրիբուտներ իրենց կողմից նվեր են տալիս կամ նախնական գին սահմանում, ապա զեղչեր անում: Հակառակ դեպքում մրցակցությունը մեծ է, բոլորը վաճառող են»:

Երբ խոսք էր գնում մարզերում անշարժ գույքի առուվաճառքից, մեր զրուցակիցները գրեթե միաբերան վստահեցնում էին, որ շրջաններում այս առումով մեռյալ վիճակ է. «Տներ կան, որ տարիներով չեն վաճառվում, ամեն տարի տան տերը գինն իջեցնում է, բայց, միեւնույն է, գնորդ չկա: Անգամ Երեւանին մերձակա մարզերում է վիճակը տխուր: Մարդիկ էլ, որպեսզի ջուրը չգցեն ու կոպեկներով տունը չվաճառեն, կողպում են ու հեռանում»:

Բացառություն են կազմում Աղվերանը, Ծաղկաձորը, Հանքավանն ու Ջերմուկը, որոնցում, տուրիզմով պայմանավորված, քիչ թե շատ աշխուժություն է նկատվում:

Մասնավորապես Ծաղկաձորում եւ Ջերմուկում բնակարանների գները, ըստ մեր զրուցակիցների, չեն զիջում մայրաքաղաքի բնակարանների գներին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031