Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի տնտեսական ֆորումում հայկական օրակարգը ձեռք է բերում կայուն հետաքրքրություն

Մարտ 30,2015 11:28

Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովյան մասնաշենքում 2015 թ. մարտի 26–ին տեղի ունեցավ «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղանը: Միջոցառումը անցկացվեց Մոսկվայի տնտեսական ամենամյա ֆորումի շրջանակում, որի առանցքային թեման էր «Նոր կուրս: Ժամանակը չի սպասում»:

Դահլիճում հավաքվել էին պետական կառույցների, գործարար աշխարհի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, լրագրողներ: Ուրախալի է, որ մասնակիցների թվում էր նաև երիտասարդությունը` ռուսաստանյան բուհերի ուսանողներ, ովքեր զարգացնելու և իրացնելու են երկու երկրների տնտեսական աճի այսօր դրվող հիմքերը:

Կլոր սեղանը վարում էր Յուրի Նավոյանը` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահը: Նա նշեց, որ ներկա քննարկումը նպատակ ունի ի հայտ բերելու ԵՏՄ-ում Հայաստանի առավելություններն ու հնարավորությունները և ցույց տալու, թե ներկայումս ստեղծված իրավիճակը որքանով է թույլ տալիս արդյունավետորեն իրացնելու այդ օրակարգը: Կլոր սեղանի նախաձեռնողը ընդգծեց, որ հանդիպման հանգուցային հարցերից մեկն էլ ԵՏՄ և մնացյալ աշխարհի միջև համագործակցությունում Հայաստանի դերի ցուցադրումն է:

Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմեց ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովը: Նա հատկապես ընդգծեց, որ միջոցառումը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախօրեին: Սենատորի կարծիքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին թույլ կտա բարելավելու իր տնտեսական իրավիճակը և ավելի մրցակցային լինել միջազգային շուկայում:

Ապա ԵՏՄ-ին անդամակցության փուլում հայկական տնտեսության առավելությունների և խնդիրների մասին հիմնարար վերլուծությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը: Նա հատուկ նշեց, որ Միությունում Հայաստանի գործընկերները բարձր են գնահատել հայկական կողմի աշխատանքը, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մշակվել ու ընդունվել են ԵՏՄ-ին անդամակցության համար պահանջվող հիմնարար փաստաթղթերը: Նախարարը ընդգծեց, որ այսօրվա աշխարհաքաղաքական և տնտեսական իրողությունների պայմաններում Հայաստանը դարձյալ կարող է կամուրջ լինել Եվրոպայի և ԵՏՄ անդամ երկրների միջև: Մասնավորապես, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի բանկերի հետ կապերը երկրին թույլ են տալիս ֆինանսական հանգույց դառնալու Միության հարավային սահմանին: Ազատ առևտրի գոտին նույնպես թույլ կտա Հայաստանի տնտեսությանը ավելացնելու ապրանքաշրջանառությունը բելառուսական և ղազախական ուղղություններով: Զգալի ազդակ կստանան նույնպես բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների, տնտեսության գյուղատնտեսական և վերամշակման ճյուղերը, դեղագործությունը, ռադիոֆարմոկոլոգիան: Էական փոփոխության է ենթարկվում նաև աշխատանքի շուկան, մասնավորապես այսօր արդեն Հայաստանում ակտիվ զարգացող ՏՏ ինժեներինգի ոլորտը կարող է աշխատանքի ընդունել մոտ երկու հազար նոր մասնագետների:

Այնուհետև կլոր սեղանի մասնակիցները անցան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տարբեր դիտանկյունների քննարկմանը, վերլուծեցին Հայաստանի տնտեսությունում առաջացած գործընթացները և միտումները: Մասնավորապես, տնտեսագիտության դոկտոր Մարինա Տկաչենկոն լուսաբանեց եվրասիական ինտեգրացիայի ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա: Թեման շարունակեց տնտեսագիտության դոկտոր Ազա Միհրանյանը, ով վերլուծեց արտաքին տնտեսական շոկերի ազդեցությունը եվրասիական ինտեգրացիայի վրա: Իր ելույթում քաղաքագետ Անդրեյ Արեշևը կանգ առավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշ հրատապ քաղաքական հարցերի վրա` կապված երկրի բազմավեկտոր զարգացման վրա: Ղազախստանի կողմից կլոր սեղանում ելույթ ունեցավ Գործարարների ազգային պալատի ներկայացուցիչ Բերիկ Ումիբաևը, ով ներկաներին ծանոթացրեց ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ ղազախական գործարարների տեսակետներին, հայկական գործարար շրջանակներին կոչ արեց ավելի սերտորեն համագործակցել հիմնարար փաստաթղթերի մշակման և Միության ղեկավար կառույցներին միասնական տեսակետների ներկայացման համար:

Ամփոփելով կլոր սեղանի աշխատանքը, Յուրի Նավոյանը նշեց, որ կյանքի կոչված ինտեգրացիոն գործընթացները նոր քաղաքական ու տնտեսական իրողությունների ազդեցությամբ ենթարկվում են զգալի փոփոխությունների և շտկումների: Նա ընդգծեց հայ-ռուսական տնտեսական կապերի զգալի նշանակությունը, նրանց զարգացման պահանջվածությունը, նշեց Ռուսաստանի հայ համայնքի կարևոր դերը երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում: Ավարտելով իր ելույթը, «Ռուս-հայկական համագործակցության» ղեկավարը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Ֆորումի կազմակերպիչներին և նշեց, որ Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակներում հայկական օրակարգը ձեռք է բերում կայուն հետաքրքրություն և լսարան:

Արմեն Գևորգյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031