Հավատաք, թե չհավատաք, բայց մի օր այս կյանքի վերաբերյալ ձեր բոլոր հարցերի պատասխանները պիտի ստանաք:
Ահա ավարտվում է Մեծ Պահոց շրջանը: Սա վերջին շաբաթն է: Անցյալ կիրակին մեր եկեղեցում կոչվում էր Գալստյան Կիրակի եւ եկեղեցին ուզում է, որ մենք այս շաբաթ մտածենք Աստծո հետ հանդիպման մասին:
Ինչպիսի՞ն կլինի այդ հանդիպումը: Ի՞նչ կասես դու, երբ հանդիպես Աստծուն: Ի՞նչ կասի քեզ Նա այդ հանդիպման ժամանակ: Այո՛, պիտի լինի հաշվետվություն, նախ՝ որովհետեւ հավատում ենք, եւ նաեւ, որովհետեւ չի կարող այս աշխարհում լինել այսքան լաց ու տառապանք ու այդ ամենը լուծվի ու գնա ոչնչության մեջ: Տիեզերքն այդպես չի աշխատում: Ամեն ինչ հարմոնիկ է: Մեր հավատքը մեզ սովորեցնում է, որ ամեն մարդ պիտի պատասխանատվության կանչվի այն բանի համար, թե ինչպես է տնօրինել իր կյանքը: Ոմանք սպասում են Աստծո հետ հանդիպմանը, որպեսզի Նրան Ծաղկազարդի օրինակով դիմավորեն արմավենու ճյուղերով ողջունելով, իսկ ոմանք էլ փախչում են այդ հանդիպումից, ոմանք էլ՝ պարզապես խուսափում:
Չգիտենք, թե մեզանից ամեն մեկիս ինչ կհարցնի Հիսուսն այդ հանդիպման ժամանակ, բայց Ավետարանից սովորում ենք, որ Նա խոսելու է 2 տեսակի ուղղությունների մասին:
Հարությունից հետ, երբ Հիսուսը հանդիպեց իր աշակերտներին, Գալիլիայի ծովափին նրանք լուռ ձուկ էին ուտում: Ու մեկ էլ Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք» (Հովհ. 21:16): Մենք չգիտենք՝ «դրանք» ասելով ինչ ի նկատի ունի Հիսուսը: Միգուցե ի նկատի ուներ ձկներին ու համով կերակուրը, որ նրանք երեւի ախորժակով ուտում էին մաքուր օդին: Կամ՝ միգուցե ի նկատի ուներ մյուս առաքյալներին: Բայց կարեւորն այստեղ հարցն է, որ ուղղված է մեզ բոլորիս ու Առաջին Պատվիրանն է: «Սիրո՞ւմ ես ինձ ավելի…», քան այս լավ կերակուրը: «Սիրո՞ւմ ես ինձ ավելի…», քան լավ-լավ հագուստներ ու մեքենաներ: «Սիրո՞ւմ ես ինձ ավելի…», քան ճոխ պալատներ ու իշխանություն: «Սիրո՞ւմ ես ինձ ավելի…», քան ամեն ինչ, որով շրջապատված է քո կյանքը:
Կարդացեք նաև
Երկրորդ տեսակի հարցը, որ մեր Տերը առաջադրելու է մեզ, վերաբերում է 2-րդ պատվիրանին: Այն վերաբերվելու է, թե ինչպես ենք մենք վարվել մեր նման մարդկանց նկատմամբ մեր գործերով, մեր մտքերում ու մեր սրտում: Հիսուսը ձեզ չի հարցնի, թե ինչ կերար, ում կերար, քանիսին խաբեցիր, ում քցեցիր, ինչ մեքենա քշեցիր, ինչ շոր հագար, ում զարմացրիր, քանիսի ետեւից բամբասեցիր, ինչ պալատների մեջ ապրեցիր… այլ կհարցնի, թե այդ ինչպե՞ս է, որ դու այդպես կուշտ ես, երբ 900 միլիոն մարդ սոված է աշխարհում: Կհարցնի՝ այս կյանքում արդյոք քանի՞ ծարավի ջուր տվեցիր: Այս կյանքում քանի՞ մերկ մարդկանց շոր հագցրիր: Կհարցնի՝ այս կյանքում քանի՞ հիվանդի համար հիվանդանոց այցելեցիր: Կհարցնի՝ այս կյանքում քանի բանտարկյալի ետեւից բանտ գնացիր ու մխիթարեցիր:
«Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք» (Մտ 25:34-40):
Կեսնո՞ւմ ես սիրելի ընթերցող: Աստծո հետաքրքրությունը մեր հետաքրքրություններից տարբեր է: Նա մեզ այլ հարցեր է առաջադրելու Իր հետ հանդիպման ժամանակ: Հարցեր, որ շատ տարբեր են այն նպատակներից, որով մեզ դաստիարակում ու մեծացնում են այս կյանքում: Դու ինչքանո՞վ պատրաստ կլինես այս հարցերի պատասխաններին, միայն քեզանից է կախված: Քանի դեռ ժամանակ ունես, սկսիր հավիտենական գանձեր դիզել:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրեք
Ֆեյսբուքի իմ էջին
«Առավոտ» օրաթերթ
28.03.2015