Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանի ներքաղաքական կյանքում ընդդիմություն եղել է: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի առաջին ու անվիճելի ընտրության ժամանակ ընդդիմադիր որոշ տրամադրություն կար՝ ի դեմս Հայրիկյանի ու իրենց սեւ դրոշների: Այդ ժամանակ Հայրիկյանն իբրեւ ընդդիմություն եզակի էր: Դրանից հետո Հայաստանում ընդդիմությունը գործել է միացյալ ուժերով:
Նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Հայաստանում միացյալ ընդդիմություն կար՝ ի դեմս ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի եւ միացյալ այլ ուժերի:
Այսուհանդերձ, այն ժամանակվա ընդդիմության ամենաուժեղ պոռթկումը 1996-ին էր՝ նախագահի երկրորդ ընտրությունից անմիջապես հետո: Վերստին ընդդիմադիր ուժերը միավորված էին՝ ընդդեմ իշխանության, որը ուժով իշխանությունը պահեց:
Կրտսեր Դեմիրճյանի ընտրության ժամանակ էլ էր ընդդիմությունը որոշակիորեն միավորված, եւ այդ դեպքում էլ իշխանությունն ուժի զոռով մնաց իշխանություն:
2007-ին էլ, երբ Տեր-Պետրոսյանի վերադարձով նոր շարժում սկսվեց, ընդդիմությունը որոշ չափով միավորվեց: Եվ միայն Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո ընդդիմության միասնությունն ու միասնականությունը գեղեցիկ հիշողության վերածվեց: Հաստատ չեմ կարող ասել՝ ընդդիմության միասնության վերջնական ու հիմնավոր փլուզումն անձամբ գործող նախագահի «շնո՞րհքն» էր, թե՞ գործող ընդդիմության անշնորհքությունը, բայց հաստատ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ միացյալ ընդդիմությունից հետք անգամ չի մնացել, եւ հույս էլ չկա, որ մոտ ապագայում միացյալ ընդդիմություն կունենանք: Ընդ որում՝ էդ հույսը ոչ թե Ծառուկյանի լիակատար կապիտուլյացիայից հետո մարեց, այլ մինչեւ էդ էր մարած: Մինչեւ էդ միասնական ընդդիմությունից մնացել էին ոչ իշխանական ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, որոշ չափով նաեւ՝ ոչ իշխանական եռյակի երրորդ անդամ «Ժառանգությունը», եւ այն պահին, երբ եռյակին միանալու ցանկություն հայտնեցին Կարապետիչն ու էլի ուրիշներ, Սերժ Սարգսյանը կտրուկ ելույթ ունեցավ, եւ Ծառուկյանը հանդիսավորապես հեռացավ քաղաքականությունից: Անմիջապես պարզ դարձավ, որ վերջին շրջանում Հայաստանում ոչ թե ընդդիմություն էր եղել, այլ ընդամենը՝ Ծառուկյան:
Ամեն ինչ այնքան արագ ու անսպասելի տեղի ունեցավ, որ նույնիսկ մեր ամենաճարտար վերլուծաբանները չշտապեցին վերլուծություններ անել:
Կարդացեք նաև
Թե ինչքանով Նաիրա Զոհրաբյանին կհաջողվի պահպանել ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ի հեղինակությունը՝ ժամանակը ցույց կտա: Բայց մի բան ակնհայտ է. փողատերերը հերթով կլքեն ԲՀԿ-ն, եւ այդ կուսակցությունը շատ շուտով կդառնա սովորական, նորմալ կուսակցություն, եւ հավանական է, որ փողատերերի փոխարեն այդ կուսակցությանն անդամագրվեն սովորական եւ իսկապես քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ, որոնք առաջին իսկ առիթով քաղաքականությունից չեն հրաժարվի:
Բայց Ծառուկյանի օրինակը նաեւ ցույց տվեց, որ փողը ցանկալի է, ընդ որում՝ շատ է ցանկալի, եւ փողի քչության ու պակասության դեպքում ցանկացած կուսակցություն քաղաքականությունից դուրս կմնա: Ասվածը, իհարկե, Հայաստանին ու հայաստանյան կուսակցություններին է վերաբերում: Չնայած, երեւի ամբողջ աշխարհում է այդպես:
Ինչ որ չգիտեմ՝ չգիտեմ: Ավելի լավ է՝ խոսենք մեր տեսած ու մեր իմացած բաներից:
Իսկ մեր տեսածն ու մեր իմացածն այն է, որ վաղուց ու նաեւ այս պահին մեր ընդդիմությունն անմիաբան է: Մեղմ ասած: Իրականում մեր ընդդիմադիրներն ավելի շատ իրար են ընդդիմադիր, քան իշխանություններին:
Հաստատ պատճառներ կան, որովհետեւ կյանքում առանց պատճառի ոչինչ չի լինում: Իմ կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում գրեթե բոլորն արդեն համոզվել են, որ մեզանում ընդդիմությունը չի կարողանում իշխանափոխություն անել: Անկախ Հայաստանի արդեն քառորդդարյա պատմության մեջ ընդամենը մեկ անգամ է իշխանափոխություն տեղի ունեցել եւ այն էլ՝ ոչ ընդդիմության շնորհիվ: Ներիշխանական պայքարի արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կամավոր հրաժարական տվեց: Շատերն այն կարծիքին են, որ սխալ վարվեց, բայց իմ կարծիքով՝ առաջին նախագահն իր ուժերն ու հնարավորությունները ճիշտ էր հաշվարկել:
Հաջորդ պատճառն այն է, որ մեր ամենախելոք ընդդիմադիրներն արդեն հասկացել են, որ Հայաստանում ոչ միայն իշխանություն լինելն է շահավետ գործ, այլեւ ընդդիմադիր լինելը: Ընդ որում՝ ոչ թե սովորական ու շարքային ընդդիմություն պիտի լինես, այլ ընդդիմության լիդեր:
Այդ մասին՝ հաջորդ դասին:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2015
Անկախությունը եկավ, և հայ ազգին գցեց հոգևարքի մեջ; 25 տարի է ազգովին մեր տեղը չենք գտնում փախչում ենք մեզանից, հայրենիքից, տնից, տեղից, կրոնից, մոռանալով ամեն ինչ, թե էս ինչ վի-ռուս հիվանդություն ներխուժեց մեր հայրենիք և խառնելով բոլորիս անդորրը դարձրեց փախստական: Ազգովին մեզ համար ռուսի ձեռի տակ լավ ծառա էինք աշխատում, ազատված էինք մտածելուց ինքնուրույն որոշումներ ընդունելուց, և վերջապես ազատված էինք մեզ անսովոր բառից որը կոչվում էր պատասխանատվություն: Բա ոնց, սոված էինք սոված չեինք լենին պապի երգելով ու են շան թոկ վսկապն էլ վզներիս կապած ապրում աշխատում և շենացնում էինք ռուսաստանը բացի մեր հայրենիքից: Փախչում ու փախչում ենք, լեղապատառ եղած պատմում ենք բոլորին այդ անկախություն վի-ռուսի մասին, ազգեր ենք փնտրում որ կամովին մտնենք նրանց լծի տակ, և հանգրվան գտնելով տանք մեր հավատարմության երդումն ու հնազանդությունը, և ծառայելով նրանց շենացնենք օտարների երկիրն ու տուննու տեղը: Այ մարդ մենք շատ բան չենք ուզում միայն թե փորներս կուշտ լինի տեղներս տաք, և ամենակարևորը որ մեզ գովեն մեր լավ ծառա լինելու համար էսքան բան, թե չե անկախություն հասկացեք վերջապես հո գիժ չենք, մի հատ էլ ազատ ու անկախ ապրելով լուրջ պատասխանատվություն վերցնենք, հենա մեր տեղը թող մտածեն մեր տեր ռուսը , բա տեսնում եք ինչ խիտրի ազգ ենք մեզ հայ են ասում: Տեր աստված եթե հայերը քեզ դիմեն ու խնդրեն որ ազատես իրենց այդ ազատ ու անկախ ապրելուց չանես, միգուցե գա մի պահ թափառելով այս կողմ այն կողմ, հոգնեն նստեն ու խորհեն, որ արդեն իրենց անպատասխանատվության ու ոչ միասնական լինելու հետևանքից կանգնած են անդունդի եզրին, և սկսեն մտածել միգուցե լավ բան է ազատ ու անկախ ապրելը, և այլընտրանք չունենալով դարձի գան սկսեն ազատվել իրենց մեջի բաշու բոզուկներից(ՍԵՐԺԻՑ) և սկսեն կառուցել և տերն ու տիրականը դառնան իրենց հայրենիքին կրոնին և ապագային: Հայեր ջան մենք պրծում չունենք էնպես որ հերիք է, մենք ազգովին դեռ երեխա ենք մնացել որի բերանը միրգ են դնում դեռ համտես չարած դուրս է շպռտում, բայց որ շատ են զոռում, մեր սովից այն ուտելով հասկանում ենք թե էս ինչ լավ բան էր, այ էս անկախություն կոչվածը հենց այն միակ ու Աստծո ուղարկած միրգն է որ դեռ համտես չենք արել, դե սա էլ միհատ փորձեք և համոզվեք թե էս ինչ անմահական միրգ է, հա կուզենաք ուտել և ուտել: