Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառատունկ՝ նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին

Մարտ 30,2015 10:40

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Քաշաթաղի շրջանում բազում միջոցառումներ են իրականանում՝ ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի միլիոնավոր զոհերի հոգիների: Մարտի 29-ին բազմամարդ էր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հարակից տարածքը, որտեղ Երևանի պետական համալսարանի ղեկավարներ, 100 ուսանողներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ու Բերձորում գործող տարբեր կառույցների աշխատակիցներ, ղեկավարներ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրըյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի ուսանողներ ու դասախոսներ համատեղ ուժերով տնկեցին 100 ծառ: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ԱրՊՀ ռեկտորը Մանուշակ Մինասյանը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, այլ պաշտոնատար անձինք: Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից սկսած մինչև այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի կազմակերպմամբ Բերձորում, հարակից տարածքներում, Կովսականում մի շարք պուրակներ են հիմնվել (նվիրված՝ Երևանի պետական համալսարանին, Մոնթեին, Ստեփան Ալաջաջյանին, Լեդի Քոքսին և այլն): ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մինչև ծառատունկ սկսելը, դիմեց ներկաներին.

IMG_6067

-Տարին 2 անգամ համալսաարանականներն այցելում եմ Բերձոր, Արցախի տարբեր վայրեր և իրականացնում ծառատունկ: Այս տարվանը խորհրդանշական է՝ նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: ԵՊՀ-ի՝ Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Արցախ այցելելը և ծառատունկ կատարելը պարտավորություն է: Այստեղ տնկելու ենք 60 նոճի, որ բերվել է Իրանից հատուկ այս նպատակով և 40 եղևնի: Բացի այդ ևս 100 ծառ՝ ընկուզենի, սալորենի ու կեռասենի, կտնկվի քիչ հեռու: Այնուհետև Ա. Սիմոնյանը դիմեց ԼՂՀ Նախագահին՝ ասելով.
-Մեծարգո Նախագահ, ԵՊՀ-ն Արցախի պետական համալսարանի հետ, ինչպես նաև այլ բուհեր պատրաստ են Արցախում բարի գործեր կատարել: Նման միջոցառում է այս ծառատունկը,-շարունակեց խոսքը՝ շնորհակալություն հայտնելով Բակո Սահակյանին, ԼՂՀ իշխանություններին, Քաշաթաղի շրջանի ղեկավարությանը՝ ԵՊՀ ցանկացած միջոցառմանը մասնակցելու, աջակցելու համար: Այնուհետև Նախագահին հրավիրեց բացելու հուշաքարի ժապավենը: ԼՂՀ Նախագահը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը բացեցին հուշաքարը, որի վրա հայերեն և անգլերեն գրված է. «Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված այգի. Հիմնել է Երևանի պետական համալսարանը 2015թ. ապրիլին»: Յուրաքանչյուր ծառատունկ Գ. Մելիքյանն սկսում Է կարմիր գինի ըմպելով և օտարագիր հայազգի գրող-բանաստեղծ Լևոն-Զավեն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությամբ:

Տե՚ր, օրհնե՚ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա
Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.
Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:
Պիտի բանա ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,
Գրկած իր մեջ պապերուս արևոտ շունչը անմահ,
Տե՚ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա~,
Ու փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին։
Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն
Աչքիս արցունք կբերե… փառք ու մեռել շատ ունի։
Երկիրն իմ հին, ալևոր, որուն ես թոռն եմ վայրի,
Խոկումներով բեղմնավոր, երազներով օրորուն…
Մեռելներուս իբրև խաչ՝ ես այս ծառը տնկեցի…

Այս անգամ էլ օրինաչափությունը չխախտվեց: Առաջին ծառը տնկեց ԼՂՀ Նախագահը: Այնուհետև ուսանողներն ու ավագներն անցան գործի, և մոտ մեկ ժամ անց հարյուր տնկիներ հանձնվեցին մայր հողին: Հիմնվեց ևս մեկ այգի-պուրակ, որի երկնասլաց ծառերը, ինչպես նշեցին Ա. Սիմոնյանն ու Գ. Մելիքյանը, խորհրդանշելու են հայի հարատևությունը և ազատագրված տարածքի շենացում: ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից 6 ուսանողներ՝ Ժենյա Նաջարյան, Տաթևիկ Գաբրիելյան, Գայանե Հովհաննիսյան, Գեղամ Ասատրյան, Նենե Օհանյան և Նունե Դավթյան, միասին էին տնկիները հողին պահ տալիս՝ հավատով, որ յուրաքանչյուր ծառը երկար տարիներ զարդարելու է տարածքի մի մասը: Իրենց տնկած առաջին ծառը, որը հուշաքարի ուղղությամբ չորրորդն է, անվանեցին «Քառախորան»: 1-3-րդ կուրսերում են ուսանում. ասացին՝ առաջին անգամ են այցելում Արցախ և հիացած են Հայոց երկրի այս տարածքով: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած ֆակուլտետից 12 ուսանող են մասնակցում ծառատունկին՝ ուրախությամբ հավելելով, որ բոլորն էլ ցանկություն են հայտնում նորից այցելել Արցախ:

Գուրգեն Մելիքյանը կարևորեց Քաշաթաղի դերը Արցախի կայացման գործում և որպես կապող օղակ Մայր հայրենիքի հետ: Նշեց նաև այն, որ քաշաթաղցիներն այսօր նաև հայրենի սահմանն են պաշտպանում:. Խոսեց մարտի 19-ին հերոսաբար մարտնչած և մարտիրոսված Հակոբ Խաչատրյանի մասին՝ ասելով, որ այսօրվա տնկիներից մեկը նվիրված է Հակոբի հիշատակին, այդ ծառի մոտ նրա հիշատակին խաչքար կկանգնեցվի: Գովեստով հիշեցրեց, որ Հակոբի հայրը՝ Գագիկը, իր միակ որդու հուղարկավորությունը կատարեց Քաշաթաղում՝ Աղաձոր գյուղում, որ արմատներով կապվի այս հողին, ինչպես նորատունկ նոճիները: Ասաց նաև, որ ծառատունկի գաղափարն սկսել է իրականացնել 1960-ական թվականներից, իսկ Արցախյան գոյամարտից հետո շատ ծառեր են տնկվել նաև Արցախում. առաջինը Թալիշում են սկսել ծառատունկը՝ լուսահոգի Խորեն Պալյանի և ուսանողների հետ: Ազատագրցած և վերստին հայացած Քաշաթաղում, հատկապես մայրուղու վրա գտնվող Բերձորում և հարակից մասերում հազարավոր տնկիներ են հանձնվել հողին, շատ ընկուզենիներ արդեն բերք են տալիս: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագհ Վարագյանը տեղեկացրեց, որ այցելությունը և ծառատունկը լինելու է շարունակական: Ծառատունկից հետո Հակարի գետի ափին կայացավ ճաշկերույթ, որտեղ շարունակվեց նույն ոգևորությունը, ներկաներին իր գեղեցիկ կատարումներով հիացրեց ԼՂՀ վաստակավոր արտիստ, երգիչ Տիգրան Մկրտչյանը: Եվս մեկ գեղեցիկ ու հիշարժան օր կայացավ Բերձորում, որի ազատագրումով է իրականացել մեր ժողովրդի երազանքը՝ ՄԻԱՑՈՒՄԸ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031