Այսօր Ավետիսյանների գերեզման էին այցելել ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի անդամները, որոնք Ավետիսյանների սպանության հանգամանքները քննելու համար Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ միջխորհրդարանական աշխատանքային խումբ են ստեղծել:
ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս ցավակցելով հայ ժողովրդին ու գյումրեցիներին, ասաց. «Մենք խորապես ցավակցում ենք ողբերգությունը, որը ընդմիշտ կմնա մեր, մեր երեխաների, մեր թոռների ու սերունդների հիշողության մեջ: Մենք խորապես ցավակցում ենք բոլոր հայերին, բոլոր գյումրեցիներին, առաջին հերթին Ավետիսյանների հարազատներին և մտերիմներին»:
Լեոնիդ Սլուցկու խոսքերով, Ռուսաստանի քննչական կոմիտեն Հայաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ սերտորեն աշխատում է և այսօր կարելի է ասել հետաքննության մեջ նկատելի է որոշակի առաջընթաց:
Ըստ նրա, ինքը, բնականաբար, իրավասու չէ հետաքննական գաղտնիքներ հրապարակելու, եթե անգամ դրանց տիրապետի, սակայն, նրա ասելով, դատը կլինի Հայաստանի տարածքում, Գյումրիում, 102 ռազմաբազայում, ինչպես խնդրել էր հայկական կողմը: Տեղեկացրեց նաև, որ իրենց խումբը ամեն օր աշխատում է քննչական կոմիտեի հետ, որպեսզի արագ բացահայտվեն հանցագործության բոլոր հանգամանքները:
Կարդացեք նաև
Ռուսական խորհրդարանական խումբն այսօր երեկոյան հանդիպելու էր ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Նա տեղեկացրեց, որ վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Ըստ Լեոնիդ Սլուցկու, ապրիլի 24-ին՝ եղեռնի 100- րդ տարելիցի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով երբ Հայաստան ժամանի Վլադիմիր Պուտինը, իրենք բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչել ու չեն դատապարտել հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը, կոչ կանեն դա անել, այդ ընթացքում նաև կզբաղվեն Գյումրիում կատարված ողբերգության հանգամանքների քննությամբ: «Այս հետաքննությունը մեր պատվի հարցն է, ոչ միայն ռուս քաղաքագետների, այլ ցանկացած ռուս մարդու, հայ ժողովուրդը մեր բարեկամն է և այսօր մեզ միավորում է Եվրասիական տնտեսական միությունը», -ասաց նա:
Ըստ Լեոնիդ Սլուցկու, այն հանգամանքները, որոնք դեռ հետաքննված չեն, առաջիկայում կհետաքննվեն, այդ մասին կիմանա հասարակությունը: Ասաց, որ ինքը բաց դատավարության կողմնակից է, ըստ նրա, չարժե ժամանակից առաջ թռնել, ամեն ինչ պարզ է դառնալու:
Հարցին, թե Պերմյակովի գործը ի վերջո հանձնելո՞ւ են հայկական արդարադատությանը, չէ՞ որ Հայաստանի գլխավոր դատախազը գրություն է ուղղել ՌԴ գլխավոր դատախազին այս խնդրանքով, ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Տատյանա Մոսկալցովան պատասխանեց, որ արդեն իսկ ստեղծվել է հայ–ռուսական հետաքննչական խումբ, իսկ սա նշանակում է, որ գործն արդեն իսկ նրանք միասին են հետաքննում: Ըստ տիկնոջ, հետաքննության ավարտից հետո այն կքննվի Հայաստանի տարածքում՝ ռուսական դատարանի կողմից, եթե անգամ դատը լինի փակ, վճիռը, ՌԴ օրենսդրության համաձայն, կլինի հրապարակային: Հայտնի կդառնան բոլոր հանգամանքները:
Լրագրողների այն դիտարկմանը, թե Պերմյակովը անօրինական է գտնվում ռուսական ռազմաբազայում ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ավետիսյանների քննության գործով միջխորհրդարանական աշխատանքային խմբի ռուսական կողմի ղեկավար Օլեգ Լեբեդևը հայտարարեց, թե Պերմյակովի գործը գտնվում է Վլադիմիր Պուտինի անմիջական հսկողության ներքո, երեք օրը մեկ քննչական կոմիտեի նախագահը նրան զեկուցում է գործիք հանգամանքները:
Օլեգ Լեբեդևի պարզաբանմամբ, 1997 թվականի օգոստոսին Հայաստանի ու ՌԴ կնքված համաձայնագրի 5-րդ կետով եթե կատարվել է զինվորական հանցագործություն, ապա նախաքննությունը և դատավարությունը իրականացվելու են ՌԴ տարածքում: Իսկ տվյալ դեպքում, ըստ նրա, Պերմյակովը երկուսից ավելի մարդկանց կյանք խլելուց բացի՝ կատարել է երեք զինվորական հանցագործություն, պարզապես Հայաստանի կառավարության խնդրանքով նախաքննությունը և դատավարությունը կիրականացվեն Հայաստանի տարածքում: Օլեգ Լեբեդևը նաև ասաց, որ Պերմյակովը 19 տարբեր փորձաքննությունների ենթարկվել, իսկ փորձաքննությունները ժամանակատար են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ