«Մեգերյան կարպետ» ցուցասրահում բացվեց ՌԴ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ եւ «Բարի կամք» բարեգործական նախաձեռնության անդամ, մոսկվաբնակ նկարչուհի Ասյա Հակոբյանի «Իմ հայ Ժողովուրդ» խորագրով մեկօրյա ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Նկարչուհին այս անգամ ներկայացրել էր միայն դիմանկարներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ուներ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, մարմնամարզիկ, «Օղակների արքա», Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի դիմանկարը:
Նկարչուհու հրավերով ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ լեգենդար մարզիկը: «Հպարտ եմ մի քանի րոպե առաջ քայլող լեգենդի հետ անձամբ ծանոթանալու համար: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհին, մարդկությանը տվել է մեծություններ: Այդ մեծություններից մեկն էլ Ալբերտ Ազարյանն է: Աշխարհի հզոր բազմաթիվ ժողովուրդներ այսօր էլ երազում են օլիմպիական խաղերի գոնե մեկ չեմպիոն ունենալ, իսկ Ալբերտ Ազարյանը երեք անգամ է իր գլխին կրել օլիմպիական դափնին՝ համաշխարհային փառք ու պատիվ բերելով իմ հայ ազգին, խորհրդանշելով նաեւ մեր պատմական հաղթանակները», – Aravot.am-ին ասաց Ասյա Հակոբյանը եւ քիչ անց անակնկալ մատուցեց՝ մեծագույն հարգանքով ու սիրով Ալբերտ Ազարյանի դիմանկարը նվիրելով իր այդ գործի քայլող հերոսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ասյա Հակոբյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում: