Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ամենացավոտը Փակ շուկայի կորուստն էր». Հայկ Բիանջյան

Մարտ 29,2015 10:15

«Մանկուց ոչ ֆոտոապարատով, բայց աչքերով նկարել եմ Երևանը. մարդն առաջին հերթին աչքերով է լուսանկարում: Մանկությունից եմ Երևանը ֆիքսել իմ մեջ: Դրա արդյունքը երևաց տարիներ հետո, երբ արդեն լուսանկարչական ապարատ ունեցա և փորձեցի ֆիքսածս սարքի միջոցով փոխանցել մարդկանց»,- ասում է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը, որը 2005 թվականից ֆոտոխցիկից հետևում է հին Երևանի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի քանդմանը և դրանց տեղում նորերի կառուցմանը՝ այդպես պահպանելով քանդված շենքերի մասին հիշողությունը:

«2005-ին նկարեցի, թե ինչպես են քանդում Երիտասարդական պալատը, հետո իմ աչքերի առջև քանդվեցին Փակ շուկան, Երևանի կրկեսը, Զվարթնոց օդանավակայանի հին շենքը, Արագիլ ռեստորանը, Զվարթնոց կինոթատրոնը, Դվին հյուրանոցը և շատ այլ շենքեր»,- մարտի 28-ին իր՝ երևանյան ԽՍՀՄ-ի քանդվող հիշողությունն ամբողջացնող «Ciao USSR» ցուցահանդեսի բացմանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչը:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացված ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 19-ը, շուրջ 130 լուսանկարներից բացի, ներկայացնում է նաև ժամանակին հայտնի, իսկ այսօր արդեն լքված կամ գոյություն չունեցող շենքերում գտնված իրերն ու քանդվող հիշողության պատմությունը:

«Բան չունեմ ասելու, թող քաղաքը զարգանա, աճի, նորանա, բայց նայած, թե ինչպես է այդ ամենն արվում: Հոգնել եմ անընդհատ կրկնելուց՝ քաղաքը ցուցահանդեսներում չէ, որ պետք է ներկայացվի. քաղաքն այն է, որ դուրս գանք փողոց, քայլենք, զգանք, տեսնենք այն…

Ցուցադրում եմ նաև նկուղներից, փլատակների տակից իմ հավաքած իրերի մի մասը, քանի որ իրը նույնպես հիշողության կրող է, իրը ևս կարող է շատ բան փոխանցել մարդուն: Հաճախ մարդիկ գալիս, հիշում են, որ իրենք էլ ունեին այդ բանից, ոմանք էլ ինչ-ինչ իրեր են բերում ավելացնում իմ հավաքածուին»,- ասաց Հ. Բիանջյանը՝ նկատելով, որ ցուցահանդեսում ներկայացրել է իր հավաքածուի մի փոքր մասը միայն: Ամբողջական հավաքածուն իր ամառանոցում է, որն այս պահին փոքր թանգարանի է վերածել, բայց հույս ունի, որ այդ ամենով հետաքրքրված հարուստ երևանցու կգտնի և կկարողանա իսկական թանգարան ստեղծել:

Նկատենք, որ ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունն զգալիորեն մեծ էր. բազմաթիվ այցելուներ մեծ ուշադրությամբ ուսումնասիրում էին լուսանկարների և իրերի հետև պահված շենքերի պատմությունը:

Հ. Բիանջյանի խոսքով, ոմանք կարող են նայել և ասել՝ լավ լուսանկարներ է արել, մյուսները կարող են այլ կարծիքի լինել, բայց մարդկանց հետաքրքրությունն այս պարագայում իր անձով չի պայմանավորված. «Իմ ֆակտորը պետք է մի կողմ դնել. Երևանի կորուստն այն թեման է, որ շատերի մեջ կուտակված է, և նրանք ուզում են գալ ինչ-որ մի տեղ և որևէ ձևով վերականգնել իրենց հիշողությունը: Այս դեպքում ես եմ դառնում կապող միջոց»,- նշեց մեր զրուցակիցը և ուրախությամբ խոսեց նաև պատանիների ու երիտասարդների ներկայության մասին, որոնք թեև այդ մթնոլորտում չեն մեծացել, բայց նույնպես հետաքրքրված են հին Երևանով:

Հ. Բիանջյանի համար ամենացավոտը Փակ շուկայի կորուստն էր. «Երբ փոքր էի, պապիկս, ձեռքս բռնած, ամեն կիրակի ինձ Փակ շուկա էր տանում: Այնտեղի էներգետիկան մինչև հիմա հիշողությանս մեջ է: Դա ուրիշ ֆենոմեն էր. մարդիկ ոչ այնքան բան առնելու էին գնում, որքան իրար տեսնելու, շփվելու: Իսկ այսօրվա Փակ շուկան կոպեկ չարժե, որովհետև դրա ձայնը լրիվ փոխվել է: Հիմա, երբ Փակ շուկա ես մտնում, ապարատի զնգոցից բացի ուրիշ ձայն չկա, իսկ դրա ամբողջ հետաքրքրությունը կամարների մեծության մեջ էր»:

Լուսանկարչի համար այսօր էլ քիչ չեն իր պրոյեկտին համապատասխանող տեսարանները, բայց արդեն հոգնել է, ասում է, որ իր համար հոգեպես շատ դժվար է արդեն այդ ամենը ֆիքսելը. «Երբեմն զգում եմ, որ պետք չէ այդքան շատ նկարել, բայց երբ լուսանկարիչը մտնում է պրոյեկտի մեջ, արդեն շատ դժվար է դրանից հրաժարվելը: Միայն շենքի քանդելը չէ, որ նկարում ես, այլև նոր շենքի կառուցումը, քանի որ դա էլ է պատմություն: Վավերագրական լուսանկարչությունը շատ բարդ մասնագիտություն է,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031