Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղա´ս, ո՞ւր է Եփրատը»

Մարտ 28,2015 23:40

Դրամատուրգ, դերասան, լրագրող Ռուբեն Փաշինյանն այսօր Մոսկվայի տանը հանրությանը ներկայացրեց իր «Տղա´ս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա նկարահանած համանուն ֆիլմը:

Կարճամետրաժ ֆիլմը (15 րոպե) յուրովի անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը:

«Կարծում եմ՝ այն Ցեղասպանության մասին խոսելու նոր տարբերակ է,- ասում է Ռ. Փաշինյանը.- սա մարդկային մի պատմություն է, որտեղ մենք լացակումած հայացքներով չենք խնդրում կամ պնդում ընդունել Ցեղասպանությունը: Ընդունեն-չընդունեն, այն եղել է, փաստ է: Մենք այդպես պիտի խոսենք»:

Նախքան ֆիլմի ցուցադրությունը, Ռ. Փաշինյանն ասաց, որ դրա հիմքում իրական պատմություն է. «Ես ուղեվար (գիդ) էի աշխատում: Զբոսաշրջիկների խմբում մի պապիկ կար, որը մի քանի անգամ հարցրեց՝ այս գետը Եփրա՞տն է, այն գետը Եփրա՞տն է: Նա փնտրում էր Եփրատը: Թե ինչու, չգիտեմ: Հետո մեր վարորդներից մեկն ասաց՝ Եփրատն է: Պապիկը գնաց, ոտքերը լվաց այդ ջրի մեջ, փառք տվեց Աստծու զորությանը, որ Եփրատում էլ ոտքերը լվաց: Դրանից հետո սկսեցի մտածել, թե այդքան տարեց մարդն ինչպե՞ս է որոշել Եփրատը Արևելյան Հայաստանում փնտրել: Այդ մտորումների մեջ էլ ծնվեց այս ֆիլմը»,- պատմեց Ռ. Փաշինյանը:

Եփրատը փնտրող ծերունու կերպարը ֆիլմում մարմնավորել է Վիգեն Ստեփանյանը, իսկ Ռուբեն Փաշինյանը հանդես է գալիս ուղեվարի դերում:

«Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր խոսքն ասելու հայոց պատմության 100-ամյա չսպիացած վերքի մասին,- ասում է Վիգեն Ստեփանյանը,- իսկ ավելի հասանելի լեզու, քան արվեստն է, դժվար է գտնել: Ֆիլմը մեր վերաբերմունքը, դիրքորոշումն ու էությունը ցույց տվող կարճ խոսք է, այսօր ապրող հայ մարդու ձայնն է 100-ամյակին նվիրված»:

Ֆիլմում Եփրատը փնտրող ծերունին Քասախ, Զանգու, Արփա և այլ գետերի մոտով անցնելիս անհամբեր հարցնում է ուղեվարին՝ սա Եփրա՞տն է:

Ուղեվարը բացատրում է ծերունուն, որ Եփրատը Արևմտյան Հայաստանում է, իսկ իրենք Արևելյան Հայաստանում են, բայց, միևնույն է, ծերունին շարունակում է հարցնել:

Միայն որոշ ժամանակ անց է ուղեվարը հասկանում, որ ծերունու մեջ այդ հարցն առաջացավ այն ժամանակ, երբ զբոսաշրջիկների ավտոբուսն անցնում էր Ցեղասպանության հուշահամալիրի կողքով:

Արփա գետի մոտ արդեն ծերունին հստակեցնում է. «Մայրս, հայրս, քույրերս, եղբայրս Եփրատով գնացին այնտեղ, իսկ ես այստեղ եմ: Աղջիկներս, թոռներս էլ այստեղ են: Փա´ռք տիրոջը, որ նրանք իրենց մոր կողքին մեծացան, մայրական քնքշանք տեսան, իսկ ես չտեսա: Ի՞նչ քնքշանք որբանոցի մեջ… Որքա՜ն մարդ մահացավ այն ժամանակ Եփրատի մեջ՝ հղի կանայք, ծերեր, երիտասարդ մայրեր, որոնք իրենց նորածիններին սեղմում էին իրենց կրծքին ու նետվում Եփրատի մեջ, որ թուրքին բաժին չդառնան… Բոլոր սպանվածներին ջուրն էին նետում. այս գետը դարձավ նրանց վերջին ապաստանը, գերեզմանը, բայց ջուրն ավելի մաքրեց նրանց: Թուրք գազանը պղծեց նրանց, ստորացրեց, սակայն այս սուրբ ջուրը մաքրեց, նրանք սրբացան այս ջրի մեջ և ջրի ճամփով էլ գնացին Տիրոջ մոտ…»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031