«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգության հետաքննության ժամանակ օրենքներին հետեւելու խնդիր կդնենք: Այս եւ շատ այլ հարցեր դուրս չեն եկել մեր օրակարգից»,- այսօր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի երրորդ համատեղ նիստից հետո լրագրողներին ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքով, իրենք այցելելու են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի շիրիմներին եւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազա:
Նա նաեւ մեկնաբանեց նիստի վերջնական հուշագրում Հայոց ցեղասպանության մասին կետին, որը զայրացրել էր հայ պատգամավորներին, որոնք դժգոհել են, որ կետին լղոզված ձեւակերպում է տրված:
«Որոշ երկրներում հակահայկական հռետորաբանությունը հիմա ավելի կոշտ է հնչում, քան տարիներ առաջ: Իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է օգտագործել, որ Մոսկվայի օգնությամբ Բաքվում եւ Անկարայում նման հայտարարություններն այդքան կատաղի չլինեն: Ես այն արտահայտել եմ ոչ միայն այստեղ, այլեւ Բաքվում՝ ընդհուպ մինչեւ բարձրագույն ղեկավարություն: Եվ այստեղ որոշակի միջոցներ են ձեռնարկվում: Խոսվում է Սաֆարովին հերոսացնելու պատմության եւ «Քարե երազներ» վեպի համար Աքրամ Այլիսլիին Ադրբեջանի գրողների միությունից հեռացնելու մասին: Ամենուր ես նույն բանն եմ ասում եւ ասում եմ բոլոր մակարդակներով, մինչեւ առաջին դեմքը: Անհրաժեշտ է չկորցնել իրականության զգացողությունը, վարվել այնպես, որպեսզի այդ բառերն արդյունավետ լինեն»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրիլի 24-ին Պուտինի՝ Հայաստան այցին, պարոն Սլուցկին ասաց, որ հանդիպման ընթացքում երկու նախագահները կքննարկեն նաեւ ղարաբաղյան հարցը. «Վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների առիթով Երեւան կատարելիք այցի ընթացքում Վլամդիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն այդ խնդիրը կքննարկեն ոչ պակաս խորությամբ, քան 2014 թվականի օգոստոսին, Սոչիում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ