Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեյրութում

Մարտ 28,2015 20:58

Մարտի 26-ին Լիբանանի հայկական ժառանգության ակումբի նախաձեռնությամբ Բեյրութի ամերիկյան համալսարանի «Իսամ Ֆարես» սրահում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով դասախոսություն: Միջոցառման գլխավոր բանախոսն էր անգլիացի հանրաճանաչ լրագրող, բրիտանական «The Independent» օրաթերթի Մերձավոր Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բեյրութի ամերիկյան համալսարանի դասախոս Խաժակ Գյոկչյանն, ով նշեց, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ իրականացված ոճրագործություն էր հազարամյակների պատմություն ունեցող ազգի ու մշակույթի նկատմամբ:

Ռոբերտ Ֆիսկը 1915թ. հայկական կոտորածները որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն` նշելով, որ թուրքական բանակում ծառայած գերմանացի զինվորներն ականատես են եղել այդ իրադարձություններին, որոնց վկայությունները անչափ կարևոր են հայության համար: Ֆիսկն ընդգծեց այն փաստը, որ հայ ժողովուրդը հաղթեց՝ իր հիշողությունը պահելով: Նա պատմեց իր Թուրքիա կատարած այցի և պատմական Հայաստանի գավառներով շրջելու մասին՝ նշելով, որ բոլոր թուրքերը գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915թ.՝ չնայած թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը: Ռոբերտ Ֆիսկը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին թուրք մտավորականների հետ զրուցելն ու կարծիքներ փոխանակելը բավարար չէ, այլ պետք է խոսել և բացատրել կատարվածի մասին սովորական մարդկանց:

Մարտի 27-ին Լիբանանի օգնության խաչի նախաձեռնությամբ և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդի հովանավորությամբ Բեյրութի ազգային առաջնորդարանի «Երջո Սամվելյան» սրահում կազմակերպվել էր հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանի օգնության խաչի շրջանային վարչության ատենապետ Թալին Քլբաշյանը, ով անդրադարձավ ՀՕՄ-ի անցած ուղուն և առաքելությանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խըդշյանը ներկայացրեց Լիբանանի օգնության խաչի գործունեությանն ու Հայոց ցեղասպանությանն առնչվող մանրամասներ: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր հայ մայրերին, ովքեր կրել են ծանր տառապանքներ, սակայն մեծ դերակատարություն են ունեցել մատաղ սերնդի դաստիարակության և լեզվի պահպանման գործում: Եզրափակելով իր խոսքը` նա նշեց, որ հայությունը շարունակում է իր արդար պայքարը խաղաղասիրությամբ և ստեղծագործական ավյունով:

Լիբանանի խորհրդարանի անդամ Ղասան Մուխայբերը նշեց, որ հայերն իրենց կարևոր նպաստը բերեցին Լիբանանի ծաղկեցման ու բարգավաճման գործում: Նա նկատեց, որ եթե հայերը թուրքերի սրով ցեղասպանության մատնվեցին, ապա Լիբանանի ժողովուրդը նույն ցեղասպանի կողմից սովի մատնվեց` կորցնելով բնակչության 40 տոկոսը: Նա իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և ընդգծեց, որ այսօր լիբանանցիները սատարում են հայ ժողովրդին: Մուխայբերը հավելեց, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և եթե այն չդատապարտվի, ապա ոճրագործը կարող է ցեղասպանությունը կրկնել:

Ելույթ ունեցավ նաև Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանն, ով ընդգծեց, որ հայ մայրը և հայ կինը հայոց պատմության ընթացքում կյանքի հաստատման և գոյատևման հիմքն են եղել: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայ ժողովրդի պատմության, կրած արհավիրքների և Լիբանանի օգնության խաչի գործունեության մասին: Երաժշտական կատարումներով հանդես եկավ Տրիպոլիի «Ֆայհա» երգչախումբը` Պարգև Թասլաքյանի ղեկավարությամբ:

Մարտի 27-ին «Le Gray» հյուրանոցում Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կազմակերպվել էր լիբանանահայ նկարիչ Լյուսի Փոշողլյանի ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իսկ «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ քննարկում` լիբանանահայ երեք օրաթերթերի խմբագիրների մասնակցությամբ՝ «Ցեղասպանության թեման մեր մամուլի էջերում. երեկ, այսօր և վաղը» թեմայով: Խմբագիրներին ուղղված հարցերը վերաբերում էին հայկական օրաթերթերում Հայ դատին նվիրված արժեքավոր հրապարակումներին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին նախատեսվող հրապարակումներին: Երեկոն վարում էր «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Անի Թորանյանը:

Միջոցառումներին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, խորհրդարանի անդամներ, նախարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, ուսանողներ:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031