Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղն ավարտվեց 2:1 հաշվով

Մարտ 28,2015 20:44

Մեկնաբանում են Հայաստանի քաղաքական ուժերը (կատակ)

ՀՀԿ. Դա Հայաստանի իշխանության՝ բարեփոխումներին ուղղված 7 տարվա քաղաքականության ուղղակի հետեւանքն է, ինչպես նաեւ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել եւ Չինաստան կատարած վերջին այցերի շոշափելի արդյունքը: Սահմանադրական փոփոխություններից հետո «Բարսելոնան» «Ռեալին» կհաղթի ավելի խոշոր հաշվով:

ԲՀԿ. Քանի Հայաստանի բնակչության 40 տոկոսն աղքատ է, իսկ 10 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ, քանի արտագաղթը հասել է ողբերգական մասշտաբների, քանի հայ աշխատավորը, հայ ռանչպարը չի կարող իր աշխատանքով ընտանիք պահել, այլ արդյունքի սպասելն անիմաստ է:

ՕԵԿ.  «Օրինաց երկիրը» եւ նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մշտապես ապացուցել են, որ հետեւողական են ժողովրդի մատից փուշ հանելու իրենց քաղաքականության մեջ: Վկա՝ 6421 օրինագիծը, որոնք հեղինակել է մեր կուսակցությունը: Մասնավորապես, «Բարսելոնայի» հաղթանակը բացատրվում է ՕԵԿ-ի՝ մեծ ջանքերի շնորհիվ ընդունված երրորդ երեխայի նպաստի մասին օրենքի շնորհիվ:

ՀԱԿ. Իրականում խաղը պետք է ավարտվեր 10-0՝ հօգուտ «Ռեալի»: Սակայն վերջին պահին հանցավոր ռեժիմը, զգալով իր մոտալուտ վախճանը, ահաբեկչական գործողություններ իրականացրեց եւ ստիպեց Կասիլյասին երկու գնդակ բաց թողնել: Դա մի քանի ամսով հետաձգել է ռեժիմի հոգեվարքը, որը սակայն անխուսափելի է:

ՀՅԴ. «Ռեալի» պարտության հիմնական պատճառն այն է, որ մադրիդցիները, դեմ գնալով հայ ժողովրդի հավաքական իղձերին, արդար  հատուցում  չպահանջեցին դարավոր ոսոխից եւ հետամուտ չեղան Սեւրի դաշնագրի բոլոր կետերի իրագործմանը: Թուրքամետ կեցվածքն ամենուրեք բերում է պարտությունների:

Հիմնադիր խորհրդարան. Ֆուտբոլի այս կանոններով հաջողության հասնելն անհնարին է: «Ռեալի» 11 խաղացողները պետք է վերցնեին մեկական գնդակ եւ խաղադաշտում մնային այնքան ժամանակ, մինչեւ հաղթանակ չտանեին:

Աշոտ Մանուչարյան. Պատճառը Եվրոպայի բարոյական կործանումն է եւ հատկապես «Ռեալում» LGBT համայնքի կործանիչ ազդեցությունը: Հաղթանակ կարելի է տանել՝ միայն զինվելով Ռուսաստանի եւ Պուտինի հոգեւոր բարձր արժեքներով:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031