Արման Բոշյանի կարծիքով՝ «Խտրականության դեմ» օրենքը լայն ճանապարհ է բացում այլասերման քարոզչությանը
«Ինձ մոտ տպավորությունը, որ Եվրամիությունը Հայաստանի հետ որեւէ համագործակցության ցանկություն չունի»,- մարտի 28-ին «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանը:
Նրա խոսքերով՝ այն պահանջները, որ Եվրամիությունը դնում է անընդունելի են ոչ միայն հայ հասարակության կողմից, այլ ընդհանրապես ազգային անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր երեւույթներ են. «Խնդիրը նրանում է, որ համաձայն մարտի 10-ի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հայտարարության, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցչի մի քանի օր առաջ արված հայտարարության՝ Եվրամիությունը պահանջում է, որ Հայաստանում «Ընդունվեն ընտանեկան բռնության կանխարգելման մասին» եւ «Խտրականության դեմ» օրենքները: Այդ պահանջը այնքան պահանջ չէ, որքան պարտադրանք, որովհետեւ որքան ես տեղյակ եմ Եվրոպայից մոտավորապես 180 միլիոն եվրոյի չափ Հայաստանը դրամաշնորհներ է ստանալու, եւ այդ դրամաշնորհի պայմաններից մեկը նաեւ այս խնդիրները լուծելն է»:
Արման Բոշյանը կարծում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը խիստ վտանգավոր է եւ հետապնդում է ճիշտ հակառակ նպատակը. «Համաձայն այդ օրենքի՝ ընտանիք է կոչվում այն երկու կամ ավելի անձերի հարաբերությունները, որոնք կարող են համարվել զուգընկեր, այսինքն` ունեցել են սեռական հարաբերություն: Դա նույն սեռի՞ է, թե՞ տարբեր սեռի է, մե՞կ, թե՞ հինգ հոգի է, էական չէ, համաձայն այդ օրենքի՝ եթե դուք մարմնավաճառից օգտվել եք՝ նշանակում է՝ ընտանիք եք, եթե հինգ մարմնավաճառից եք օգտվել, ուրեմն՝ վեց հոգանոց ընտանիք եք»:
Կարդացեք նաև
Նա համարում է, որ «Խտրականության դեմ» օրենքը ավելի վտանգավոր է. այն առավելություններ է ստեղծում սեռական փոքրամասնությունների նկատմամբ. «Օրենքը թույլ է տալիս, որ նրանք խտրականություն կատարեն նորմալ մարդկանց եւ նորմալ ընտանիքների հանդեպ, որը կոչվում է հատուկ միջոցներ: Այսինքն՝ «Խտրականության դեմ» օրենքը լայն ճանապարհ է բացում այլասերման քարոզչությանը, որը ուղղված է մեր հասարակության քայքայմանը, այսինքն՝ ստեղծվում է տպավորություն, որ ցեղասպանության հարյուրամյակի տարին, երբ հայերս պետք է միասնություն ցուցադրենք, մեր արեւմտյան չակերտավոր բարեկամների կողմից փորձ է կայացվում իրականացնել հոգեւոր եւ անուղղակի ցեղասպանության այլ մեխանիզմներ»:
Արման Բոշյանը կոչ է անում աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններին դիմադրել, թույլ չտալ, որ այդ երեւույթները ներխուժեն Հայաստան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ