ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, ԵՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի համար առաջնահերթ խնդիրները մնում են տնտեսական ու անվտանգության համակարգերի լիարժեք համաձայնեցման ու ինտեգրման գործընթացներում:
«Չէ որ տնտեսական ու անվտանգության համակարգերի ապահովման համար որ ԵՏՄ անդամ ենք դառնում՝ նկատի ունենալով, որ մինչեւ այդ բոլորովին այլ գործընթացի մեջ էինք: Պետք է այնպես արվի, որ այս խնդիրները, որոնց վերաբերյալ ունեինք լուրջ մտահոգություններ, որոնք Հայաստանի համար գլխավոր հրամայականներն էին, հենց դրանք կարողանանք լուծել ԵՏՄ անդամակցության շրջանակներում, որ արդարացվի աշխարհաքաղաքական այս ընտրությունը»,- Aravot.am-ին ասաց Ռուստամյանը:
Նա այսօր մասնակցում էր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի երրորդ համատեղ նիստին:
Ըստ Արմեն Ռուստամյանի, անվտանգության առումով ԵՏՄ անդամ Հայաստանն ունի լուրջ խնդիրներ. «Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում, այդ պատերազմական վիճակի մեջ լինելով՝ չենք կարողանում լիարժեք օգուտները տեսնել ԵՏՄ համակարգում: Լուրջ անելիքներ կան, պետք է համադրվեն երկկողմ հարաբերությունները՝ հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունների հետ՝ Հայաստանի կենսական խնդիրները չտուժեն: Մեր գործընկերները հասկանան, որ Հայաստանն այդ միության մեջ ամենախոցելի երկրներից մեկն է, որը անընդհատ հարձակման է ենթարկվում հարեւանի կողմից: Մեխանիզմներ պետք է մշակվեն, որ տնտեսությունը չտուժի, անվտանգության համակարգն էլ ամրապնդվի»:
Կարդացեք նաև
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած խնդրին անդրադառնալով, պարոն Ռուստամյանն ասաց՝ նախագահի հայտարարությունը արձագանք կգտնի. «Կարծում եմ, որ այդ խնդիրը ամենայն սրությամբ պետք է դրվի, զենքի առեւտուրը չի կարող գերակա լինել, քան ռազմավարական հարաբերություններն են, դրանք միշտ ենթակա են եղել քաղաքականությանը: Պետք է հաշվի առնվի այն պահանջները, որ չպետք է զենք վաճառել այն պետությանը, որը հարձակվում է մի այլ պետության վրա: ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ Հայաստանն իրավունք ունի ակնկալել, որ ՀԱՊԿ-ը կկատարի պայմանագրում նշված պահանջները, որտեղ հստակ գրված է՝ հարձակում մի երկրի վրա նշանակում է հարձակում մյուս երկրների վրա: Այս պահանջը պետք է իրականացվի, ստեղծված են արագ արձագանքման համար խմբավորումներ, իսկ ինչու դրանք չեն գործում: Ինչո՞ւ մի այդպիսի խումբ չի գալիս Հայաստան ու ասի, որ իրենց անդամ երկրում տեսնում են անվտանգության հետ կապված խնդիրներ ու ՀԱՊԿ-ի պահանջներին համապատասխան թույլ չտան պատերազմի վերսկսում կամ լարվածության էսկալացիա»:
Նա նաեւ նկատեց, որ Հայաստանը պետք է կարողանա իրականացնել «Եվ եւ»-ի քաղաքականությունը. «Նույնը պետք է բացատրենք ԵՏՄ մեր գործընկերներին, որ Հայաստանն, այո, գոնե քաղաքական առումով ժողովրդավարության արժեհամակարգի կարեւորագույն բաղադրիչներն իր երկրում տեղայնացնելու նպատակով լուրջ ճանապարհ է անցել եւ այդ ճանապարհը չի կարող կանգնել այդ ճանապարհին, հակառակ գործընթաց չի կարող սկսել: Չպետք է հակադրություններից առաջանա «կամ, կամ»-ի ընտրության խնդիրը, որը տեսանք լավ բանի չհասցրեց, մանավանդ Ուկրաինայի չավարտվող հակամարտությունը դրա վառ ապացույցն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ