Հասմիկ Նավասարդյանի խոսքերով՝ Աշոտ Նավասարդյանի գործը չի վերջացել
Շաբաթ օրը՝ մարտի 28-ին լրացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի 65-ամյակը: Եռաբլուր էին այցելել Աշոտ Նավասարդյանի հարազատները, Հանրապետական կուսակցության անդամները եւ նրա գաղափարակիցները:
Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, լրագրողներին խոստովանեց, որ չկա մի րոպե, որ ինքն ապրի առանց Աշոտ Նավասարդյանի եւ հաշվետու չլինի իր արածների համար. «Երբ որ ամուսնուդ հետ գաղափարակից ես լինում, պատասխանատվությունը շատ ավելի բարձր է լինում: Բացի այդ մեր նախնիները դարեր շարունակ միշտ երազել են անկախ պետականության մասին, եւ շատերը չկարողացան դա տեսնել: Աշոտը նախնիների սերունդն էր եւ շարունակեց այդ գործը իր ընկերների հետ միասին: Այսօր պետք է ասել, որ նա փառավորներից մեկն էր, փառահեղ կյանք ունեցավ, որ տեսավ անկախությունը Հայաստանում եւ պետականության ստեղծումը, սակայն այն անկախությունը, որ Աշոտն էր ուզում տեսնել, դա երեւի կտեսնի մեր սերունդը»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ պատմությունը կարդալով նոր սերունդը հպարտություն պետք է զգա, քանի որ ունեն պետականություն. «Թերություններ թո՛ղ լինեն, ոչինչ, բայց ունես պետականություն, ունես կառավարություն, ունես նախագահ, ունես Սահմանադրություն, որի համար մենք այսօր պայքարում ենք, որ շատ առողջ լինի այդ Սահմանադրությունը: Այսօր մենք պահանջատեր ժողովուրդ ենք, փաստորեն, Աշոտ Նավասարդյանի գործը չի վերջացել. Ոչ միայն Ղարաբաղն է մեր խնդիրը, այլ այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ենք նշում: Մենք բոլորս ոտքի պետք է կանգնենք, մեր ճղճիմ հարցերից դուրս գանք եւ անանձնական վեհ գաղափարներ ընդգրկենք մեր մեջ, որպեսզի կարողանանք պահանջատիրությունը մինչեւ վերջ տանել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ