Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքները ներդաշնակեցված չեն, առաջանում են ոչ հավասար պայմաններ». Կարինե Մինասյան

Մարտ 28,2015 13:02

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանն այսօր ԱԺ-ում ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն ոլորտներին, որտեղ երկու երկրների խորհրդարանները պետք է համագործակցեն:

«Ինչպիսի դերակատարում պետք է ունենան խորհրդարանները, որ մեր երկրները կարողանան ապահովել այն նորմերի իրականացումը, որոնք ուղղակիորեն գործում են միության շրջանակներում ու ուղղված են մեր հարաբերությունների զարգացմանը: Բացի այն հանգամանքից, որ ֆիքսել ենք՝ պայմանագրերի շրջանակում արդեն իսկ գործում է  ապրանքների ազատ շուկան, ենթադրում ենք ԵՏՄ շրջանակներում իրականացնել համակարգված քաղաքականություն էներգետիկ, տրանսպորտի, արդյունաբերության  եւ գյուղատնտեսության ոլորտներում, որոնք պահանջում են պայմանագրային հիմքերի լրացուցիչ զարգացում: Այս աշխատանքի արդյունքն է քննարկումը եւ վավերացումը մեր խորհրդարանների կողմից»,- ասաց Կարինե Մինասյանը:

Ըստ նրա, համագործակցության առաջին ուղղությունը պետք է լինի ներպետական օրենքներին առնչվող խնդիրների շուրջ. «Բոլորը ստորագրել են ԵՏՄ պայմանագիրը, բայց ներպետական օրենսդրությունում կան թաքնված որոշակի նորմեր, որոնք խոչընդոտներ են ստեղծում ապրանքների ու ծառայությունների տեղաշարժման համար: Երկրորդ ուղղությունը համագործակցության այն ոլորտներն են, որտեղ չկան ընդհանուր շուկայի վերաբերյալ համաձայնեցումներ, բայց որոնք նախանշվել են: Օրինակ՝ 2018-ին նախատեսվում են ընդհանուր դեղագործական շուկայում ներդրումներ ԵՏՄ շրջանակներում, հետո նաեւ նավթի, գազի ոլորտներն են գալիս: Պետք է ձեւավորվի ընդհանուր օրենսդրություն, համաձայնեցումներ տեղի ունենան:

Երրորդ կարեւորագույն ուղղությունն այն սեգմենտն է, որն ազդում է ներպետական օրենսդրության վրա, խոսքը վերաբերում է տնտեսական հանցագործությունների համար պատասխանատվությանն ու վերահսկողությանը: Այսօր օրենսդրությունները ներդաշնակեցված չեն, առաջանում են ոչ հավասար պայմաններ տարբեր երկրների տնտեսվարող սույեկտների համար»:

Կարինե Մինասյանի խոսքով, չորրորդ համագործակցության եզրը պետք է լինի տեղեկատվության փոխանակման եւ թափանցիկության ոլորտում. «ԵՏՄ ինտեգրման խորացումը անխուսափելիորեն բերեց հարցը, որ փոխանակենք մեծ ծավալի տեղեկատվություն, այդ դեպքում նաեւ տեղեկություններ, որոնք պարունակելու են բանկային եւ առեւտրային գաղտնիքներ, նույնիսկ անձնական տվյալներ: Եթե ուզում ենք բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, պետք է միջավայրը պարզեցնենք»:

Հիշեցնենք, որ Կարինե Մինասյանն  իր ելույթը ռուսերենով ներկայացրեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031