Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնազրկել է նաև Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ Հրաչ Սահակյանին, որը մի քանի ամիս է՝ ինչ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Նրան ևս ուղարկել են կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են արթիկցի Խորեն Բարխոյանին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետը կադրային մեծ փոփոխություններ էր կատարել Շիրակի մարզում. երկար տարիներ Արթիկի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանին Տիգրանին նշանակել էր Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ, Գորիսի ոստիկանապետ Հովհաննիսյան Արմենին բերել էր Արթիկ, «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Արամ Ղարիբյանին տեղափոխել էր Ախուրյան: Իսկ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանին ուղարկել էր կադրերի ռեզերվ:
Թե որն է այս համակարգում երկար տարիներ աշխատած Հրաչ Սահակյանին ու Գևորգ Թադևոսյանին պաշտոնազրկելու պատճառը, պաշտոնապես ոչինչ չի հայտարարվում: Պիտի ենթադրել, որ Գյումրիում տեղի ունեցած վերջին աղմկոտ դեպքերն են՝ կրակոցները, սպանությունները ու հաճախակի տեղի ունեցող դանակահարությունները: Այսինքն` մարզի ու հատկապես Գյումրու օպերատիվ, քրեածին իրավիճակը այնքան էլ լավ չի վերահսկվում պաշտոնատար անձանց կողմից:
Նշենք, սակայն, որ մեզ հասած տեղեկություններով, ոստիկանապետերից ոմանք վարձով են ապրում, օրինակ՝ այսօր պաշտոնազրկված Հրաչ Սահակյանը: Իսկ Ախուրյանի արդեն նախկին ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանը, մեր աղբյուրների հավաստմամբ, վերջերս է հիփոթեքային վարկով բնակարան գրվել մայրաքաղաքում ու պաշտոնազրկումից հետո ամենայն հավանականությամբ կանգնել գումարը փակել կարողանալ-չկարողանալու վտանգի առաջ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև