Երկար սպասված «Հին Երեւան» նախագծի մեկնարկը կարծես թե այս տարի վերջապես տրվելու է, քանի որ տարեսկզբին կառավարությունը` ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, եւ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի, համաձայնագիր են ստորագրել «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ, որի համաձայն նախատեսվում է շինաշխատանքները սկսել 2015թ.:
Նախագծի մասին զրուցում ենք դրա հեղինակ, ճարտարապետ ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
-Պարոն Վարդանյան, ե՞րբ կազմվեց «Հին Երեւան» նախագիծը։
-2005թ. նոր թափ առան պատմամշակութային հուշարձանների ապամոնտաժման, քանդման գործընթացները, եւ հասկանալով, որ մեզ համար շատ կարեւոր պատմական շերտը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ ենք կանգնել, դրանք մեկ վայրում վերականգնելու նախագիծ-առաջարկ ներկայացրինք քաղաքապետ Երվանդ Զախարյանին:
Նա լիովին ընկալեց խնդիրը եւ առաջարկեց նախագծել գաղափարը, որպեսզի այն հանրությանը ներկայանալի լինի, շոշափելի դառնա: Հենց այդ ժամանակ էլ «Հին Երեւան» նախագիծը կազմվեց ու հաստատվեց Երվանդ Զախարյանի կողմից, դրան իր դրական եզրակացությունը տվեց նաեւ քաղաքաշինության խորհուրդը, որի անդամները գրեթե բոլորն էլ լավ արձագանքեցին: Բայց չգիտես ինչու այսօր նրանք քար են նետում նախագծի վրա:
Այսօր հին Երեւանը վերականգնելու խնդիրն ավելի քան արդիական է, քանի որ, ցավոք, ժամանակակից քաղաքաշինական գործընթացների ժամանակ շատ շենք-շինություններ, որ հնարավոր էր եղել փրկել Խորհրդային Հայաստանում, մեր օրերում ոչնչացվեցին կամ ապամոնտաժվեցին:
Մեզ միայն հաջողվեց փրկել այն շենքերը, որոնք այսօր կանգուն են «Հին Երեւանի» համար նախատեսված հատվածում: Իսկ երբ այդ նախագիծը կյանքի կկոչվի, այնտեղ կվերականգնվեն որոշ ամենաարժեքավոր պատմամշակութային շինությունները: Այդպես գոնե կկարողանանք Երեւանի մի շերտը պահպանել ու ժառանգել սերունդներին:
Կարդացեք նաև
-Փաստորեն «Հին Երեւան» նախագծի հաստատումից 10 տարի է անցել, եւ որքան էլ դրա իրագործումը մեր օրերում հրատապ է, այնուամենայնիվ դեռ որեւէ քար նախագծի հիմքում չի դրվել: Ինչո՞ւ:
-Երբ ծրագիրը հաստատվեց, տարածքը, որտեղ նախատեսվում էր կառուցել հին Երեւանը, բաժանվեց հինգ լոտի եւ վաճառքի դրվեց: Այն ժամանակ արդեն որոշ ներդրողներ ծրագիրն իրականացնելու ցանկություն հայտնեցին: Սակայն ֆինանսական ճգնաժամն իր հերթին, քաղաքային իշխանությունների կազմի փոփոխությունն իր հերթին իրենց չար գործն արեցին, ու նախագիծը սառեցվեց:
Միայն վերջերս, երբ երկրի նախագահն այցով Վրաստանում էր գտնվում, տեսնելով Թիֆլիսի վերականգնված հին շենքերը, ցանկություն էր հայտնել, որ երեւանյան հին շինությունները նույնպես վերականգնվեն: Եվ նրա հանձնարարականով ծրագիրը նորից վերագործարկվեց: Գտնվեց նոր պատվիրատու` շվեյցարահայ Վարտան Սերմակեսը, որը պատրաստ է ֆինանսավորել ամբողջ ծրագիրը: Մեկ այլ ներդրող էլ` Վահե Հարությունյանը, կֆինանսավորի ծրագրի որոշ հատվածը:
Հրապարակումն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: