Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

Մարտ 28,2015 10:54

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանին են միացան և բանաձևը համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:

Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը և լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համագործակցության համար և ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարևոր գործիք:

Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:

Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմների շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերական խախտումները կանխելու նպատակով:

Փաստաթուղթն ընդգծում է կրթության կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում և կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատասխան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը և դրանց միջոցով կանխարգելմանը:

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման հանցագործությունները երբեք չմոռացվեն և բոլորը հնարավորություն ունենան անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը:

Բանաձևով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:

Հատկանշական է, որ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային այս կարևոր բանաձևն ընդունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031