«Ես ուղղակի անպատվաբեր եմ համարում այլեւս նման կարգի խոսակցությունները: Եթե ինչ-որ մեկին անչափ հուզում է այդ հարցը, ԲՀԿ-ից դուրս եկած 11 պատգամավորները կան, ողջ եւ առողջ են. յուրաքանչյուրը կարող է մոտենալ եւ նրանց հարցնել: Ես վստահաբար կարող եմ հաստատել, որ նրանցից որեւէ մեկը չի հաստատի` ՕԵԿ-ն անդամագրվելու համար դիմելու, համառորեն շրջանառվող տեղեկատվությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, երեկ նման հայտարարությամբ հանդես էր եկել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, իսկ երեկոյան, այդ թեմայի շուրջ տիկին Զոհրաբյանի հետ էր հեռախոսազրույց ունեցել եւ պարզաբանել, որ իր ասածները սխալ մեկնաբանություններ են ստացել: «Ինքս լսեցի պարոն Շահգելդյանի խոսքի ձայնագրությունը: ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին, իրապես, խոսք չի գնացել»,-մեզ հետ զրույցում ասել էր տիկին Զոհրաբյանը` տարակուսանք հայտնելով առ այն, որ լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել:
«Առավոտի» տպագիր տարբերակում այսօր տեխնիկական սխալ է եղել, այն առումով, որ Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, թե ԲՀԿ-ից դուրս եկած շարքայիններից հնարավոր է դիմած լինեն ՕԵԿ-ին անդամագրվելու: Այս առիթով տիկին Զոհրաբյանը հարկ համարեց պարզաբանել` մեկընդմիշտ վերջ դնելով նման խոսակցություններին. «Իսկ եթե մի քանի հարյուր հազարանոց ԲՀԿ-ից, ինչ-որ մի գյուղում, ինչ-որ մեկը կամ երկուսը դուրս են եկել եւ անդամակցել են ինչ-որ մի կուսակցության եւ դա այդ կուսակցության համար մեծագույն հաջողություն է, ապա մենք շնորհավորում ենք տվյալ կուսակցությանը` նման հզորագույն նվաճման եւ առաջընթացի համար: Անհարմար է: Սա էժանագին եւ տգեղ խոսակցություն է, եւ ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին, ովքեր բոլոր հարթակներից տարփողում են նման անհեթեթությունը, դադարեցնել նման էժանագին խոսակցությունները»
«Ավելի լուրջ թեմաներին անդրադառնալու անընկալության պատճառով, բազմաթիվ լրատվամիջոցների համար, այս թեման ուղղորդված կամ ոչ ուղղորդված կերպով դարձել է «թոփ» թեմա, մենք փորձել ենք նաեւ մեր տարածքային կառույցներից ճշտել այս տեղեկատվությունը: Որեւէ դեպք, որ ԲՀԿ-ից դուրս եկածը դիմի այլ կուսակցության անդամագրվելու` մեզ չի հանդիպել»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ