Լրահոս
Օրվա լրահոսը

«Չինաստանի համար մեր երկիրը կարեւոր է հենց իր աշխարհագրական դիրքով». «Հայոց աշխարհ»

Մարտ 28,2015 10:16

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ 

    -Նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պետական այցի առաջին իսկ օրը երկու երկրների միջեւ ստորագրվեցին մեկը մյուսից կարեւոր փաստաթղթեր. դրանցից ուշագրավը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման հուշագիրն է: Ի՞նչ է ներկայացնում չինական այս նախաձեռնությունը եւ ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար:
-Արեւելյան շուկաները Եվրոպայի համար գնալով դառնում են չափազանց կարեւոր, հետեւաբար այս մեծ ճանապարհը կարեւոր նշանակություն կունենա Արեւելյան, Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիան Եվրոպայի հետ կապելու հարցում: Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կապահովի Եվրասիական մեծ տարածքի` Միացյալ Թագավորությունից դեպի Չինաստան, այսինքն՝ Մետաքսի ճանապարհի վրա ընկած բոլոր պետությունների միջեւ ապրանքաշրջանառության չափազանց մեծ հոսք:
Այն մեկ ճանապարհ չէ, այլ ճանապարհների փունջ։ Սրանով ծրագիրը մեզ համար առավել կարեւորվում է, քանի որ մեր ոչ կայուն ու անկանխատեսելի տարածաշրջանում ընդամենը մեկ ուղիով ապրանքաշրջանառություն իրականացնելը խիստ ռիսկային է:
Այսօր խոսքն այն մասին է, որ Նոր Մետաքսի ճանապարհի մի հատվածը անցնի Հայաստանի տարածքով: Դա վերաբերում է ե՛ւ ավտոմոբիլային ճանապարհին, ե՛ւ երկաթուղուն: Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու` Իրան-Հայաստան երկաթուղու, կառուցումը շատ կարեւոր ծրագիր է. այն բեռները Վրաստանով ուղիղ դուրս կբերի դեպի Սեւ ծովի նավահանգիստներ: Չինական կողմի բարի կամքի դրսեւորման պարագայում առկա խնդիրները` առաջին հերթին երկաթուղու ֆինանսավորման հարցը, կդառնա դյուրին լուծելի:
-Բարի կամքի դրսեւորո՞ւմ, թե՞ աշխարհաքաղաքական շահի գիտակցում. չե՞ք կարծում, որ չնայած Հայաստանը փոքր շուկա է, սակայն Չինաստանի համար մեր երկիրը կարեւոր է հենց իր աշխարհագրական դիրքով: Ի վերջո, Իրան-Հայաստան երկաթուղին մեծ հնարավորություն է Չինաստանի համար՝ դուրս գալու եվրոպական շուկաներ:
-Իհարկե, Հայաստանն իր ռազմավարական դիրքով, որպես Եվրասիա մայրցամաքի կարեւորագույն հանգույցներից մեկը, Չինաստանի համար նաեւ ճանապարհ կբացի Սեւ ծովով դեպի Պարսից ծոցի երկրներ: Իզուր չէ, որ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում: 
Չինական կողմը հստակ գիտակցում է հայկական այլընտրանքի կարեւորությունը նաեւ հետեւյալ հարցում, եթե մյուս ճանապարհները շատ ավելի անկանխատեսելի են, ապա Հայաստանով դեպի Սեւ ծով ձգվող ճանապարհը կարող է լինել շատ ավելի կայուն ու կանխատեսելի: Իսկ Չինաստանը, բնականաբար, շահագրգռված է ունենալ մարտահրավերներից զերծ, հուսալի ճանապարհ:
Ի դեպ, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հասկանալի պատճառներով նախընտրելի է նաեւ Իրանի համար: Եվ վերջապես, այն բեկումնային կլինի Հայաստանի համար` մեր երկիրը դուրս բերելով տարիներ շարունակ ձգձգվող շրջափակումից: Այսպիսով, գործ ունենք մի ծրագրի հետ, որը բխում է ե՛ւ Չինաստանի, ե՛ւ Իրանի, ե՛ւ իհարկե, Հայաստանի շահերից:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031