Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի տագնապը

Մարտ 28,2015 12:00

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը FRANCE 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը. «Սա այն վիճակն է, երբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են սկսվել ոչ պլանավորված: Ցանկացած միջադեպ կարող է վերածվել ավելի մեծի, իսկ ավելի մեծը ռազմական գործողությունն է»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիայի. «Մենք պատերազմից վախենում ենք: Ես անձամբ պատերազմից վախենում եմ, բայց մենք կռվելուց չենք վախենում»:

Անդրադառնալով Ռուսաստան-Արեւմուտք լարված հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար ամենաանցանկալի բանը սառը պատերազմի վերսկսումն է, քանի որ Հայաստանը միշտ համադրել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը. «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Արեւմուտքի հետ, Եվրոպայի հետ: Այսօր ունենք այդ լավ հարաբերությունները: Ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ: Մենք ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը Հայաստանին մեծ օժանդակություն է ցուցաբերում, եւ մեզ համար ամենաանցանկալին այդ լարվածության աճն է»: Լրագրողի հարցին, թե վստահո՞ւմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում նրա հետ հարաբերություններում»:
Վերջին մի քանի ամիսներին պաշտոնական Երեւանը ամենաբարձր` ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի ու արտգործնախարարի մակարդակով բարձրաձայնեց Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինություններ վաճառելու անհանգստության մասին: Ռուսաստանի իշխանություններն առայժմ շարունակում են լռություն պահպանել եւ չեն արձագանքում Հայաստանի իշխանությունների բավական հստակ մտահոգություններին:

Եթե համադրենք վերջին ամիսներին շփման գծում լարվածության աննախադեպ աճը, Ադրբեջանի իշխանությունների` օր օրի հնչող ավելի ցինիկ հայտարարությունները եւ առհասարակ՝ արդեն մի քանի տարի Ղարաբաղյան կարգավորման գործընթացի փակուղային իրավիճակը, ապա Սերժ Սարգսյանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հայտարարությունը, այսինքն` «ոչ պլանավորած» պատերազմի բռնկման ահազանգը, իսկապես, տագնապ է, եւ այն ուղղված էր նախեւառաջ Ռուսաստանին:

Տագնապը, թերեւս, առավելապես պայմանավորված է Ռուսաստանի «չեզոքություն» պահպանելու հակվածությունը կանխազգալով, քան ադրբեջանական բանակի «վճռականությամբ», ինչի մասին այդ երկրի իշխանությունները պարբերաբար ճառերով են հանդես գալիս ու համապատասխան քարոզչություն իրականացնում բացառապես ներքին լսարանի համար:

Ռուսաստանի` լռություն պահպանելու պատճառները, հավանաբար, ռուսները «արդարացված» են համարում: Մոսկվան այսօր չի ցանկանա բռնել որեւէ մեկի կողմը. մեկի հետ «ռազմական բիզնեսն» է արդեն ռազմավարական բնույթի հասել, մյուսը Ռուսաստանի դաշնակից երկիր է համարվում, իսկ ընտրությունը որեւէ մեկի օգտին, թերեւս, ռուսներին ձեռնտու չէ:

Այս ամենը «հաշվել» է նաեւ Ալիեւը, որն էլ իրեն ավելի «ազատ» է զգում եւ սահմաններում լարվածությամբ, դիվերսիաներով ու սադրանքներով, իր հերթին, փորձում է ապացուցել, որ դուրս է եկել ղարաբաղյան խաղաղ բանակցային գործընթացից, ավելին` արդեն «միջազգային պայմանագրերը» անտեսելու համար «հիմնավորումներ» է առաջ քաշում:
Ի՞նչ է մնում անել Ռուսաստանին: Սպասել Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայությունը «օրինականացնելու» հարմար առիթի: Այս հեռանկարի մասին արդեն իսկ հստակ ու անկաշկանդ խոսել է «հայ ազգի հավատարիմ ընկեր» Ժիրինովսկին: Իսկ ավելի վաղ Պուտինին Զորի Բալայանն էր ծավալուն նամակ գրել:

Այնպես որ՝ մնում է Լեռնային Ղարաբաղում ռուսական հնարավոր ներկայության վերաբերյալ պարզել ադրբեջանական իշխող վերնախավի տրամադրությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031