Քաղաքագետը՝ Ժիրինովսկու արած հայտարարության մասին
«Վաղուց հասկացել եմ, որ Ժիրինովսկու հայտարարություններին որեւէ լուրջ նշանակություն պետք չէ տալ, քանի որ դրանք երբեւէ չեն արտահայտել ռուսական պետության պաշտոնական դիրքորոշումը, եւ սովորաբար Ժիրինովսկին աշխատում է հասարակության անհրաժեշտ հետաքրքրությունները բավարարելու ուղղությամբ»,- անդրադառնալով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ հարցազրույցում ռուս քաղաքական գործիչն ասել էր. «Դե, ինչպես լուծել ղարաբաղյան խնդիրը: Եթե Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, հայերը կնեղանան: Եթե ճանաչել ներկայիս ստատուս քվոն, դուք կնեղանաք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակը՝ կարելի է Ղարաբաղը Մոսկվայի ենթակա հայտարարել: Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Դա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հակամարտությունների վերաբերյալ Ժիրինովսկին իր կարծիքն է միայն արտահայտել, որին խորհուրդ է տալիս մեծ ուշադրություն չդարձնել. «Հատկապես, երբ որ հնչում են այդպիսի լավ առաջարկներ՝ Ռուսաստանին հանձնել Ղարաբաղը: Այստեղ ավելի շատ խոսում է ռուսական կայսերապաշտությունը, քան նրանց պետական քաղաքականությունը»:
Քաղաքագետը ցանկանում է ուշադրություն գրավել Սերժ Սարգսյանի՝ վերջերս արած հայտարարության վրա, որտեղ նախագահն ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, բավականին խոստումնալից են, եւ «ըստ էության Ռուսաստանի նախագահի համար՝ շատ կարեւոր»:
«Երկու երկրների հարաբերություններում չեմ տեսնում այնպիսի լուրջ խնդիր, որը կարող է իրավիճակ փոխել տարածաշրջանում, մինչեւ այս պահը տիրող զարգացումների մեջ: Իհարկե, կա դժգոհություն, հայկական կողմը հատկապես պահանջում է Ռուսաստանից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Եվ ես կարծում եմ, որ հենց այս հարցը կլինի առաջիկա հանդիպումների օղակներից մեկը,- ասում է նա՝ խոսելով ապրիլին սպասվող Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին:- Հիմնական հարցը լինելու են անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում եւ նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: Ակնհայտ է եւ հստակ, որ Ուկրաինայի դեպքերից հետո տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, եւ իրավիճակին արձագանքելու անհրաժեշտություն կա: Սա մեզ համար հնարավորություններ է բացում՝ տեղավորելով հայկական պետությունների շահը գերտերությունների տարածաշրջանային շահի համատեքստում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԱՄՆ-ի, որոնք ինչպես հայտնի է՝ այս պատմական ժամանակահատվածում նույնպես զբաղվում են իրենց հետագա քաղաքականության պլանավորմամբ Հարավային Կովկասում»:
Կարդացեք նաև
«Առավոտի» դիտարկմանը, որ հայ հանրությունը նկատում է ռուսական կողմի՝ Ադրբեջանին սիրաշահելու դրսեւորումներ՝ տարբեր ռուս քաղաքական եւ հանրային գործիչների կատարմամբ. Ժիրինովսկու հայտարարություններին գումարվում է նաեւ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի՝ Ադրբեջանի գովերգումը, քաղաքագետն ասաց. «Հռետորաբանությունը տեսնում եմ, բայց համոզված եմ, որ դա պետական քաղաքականությունը չէ, եւ միայն այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ապրիլի 24-ին լինելու է Երեւանում՝ միասին ոգեկոչելու Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը, կարծում եմ՝ ամենախոսուն պատկերն է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակների մասին: Մնացած բոլորը շահարկումների եւ միգուցե սխալ ենթադրությունների հետեւանք են»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2015