Վարույթն իրականացնողը դրդել է կատարված հանցագործության համար
ազատազրկման ձեւով պատիժ չկրելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իր միջոցով խոշոր չափերի կաշառք տալ մեղադրանքը դատարանում պաշտպանողին:
Հատուկ քննչական ծառայության վարույթում օրերս ավարտվեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախություն կատարելու եւ զինծառայողին կաշառք տալուն դրդելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանն աշխատանքի բերումով տեղեկացել է, որ նույն բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) նախատեսված հանցագործության կատարման համար մեղադրանք է առաջադրել իր ծանոթ, պայմանագրային զինծառայող, ենթասպա Նարեկ Ավանեսյանին:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո՝ Նարեկ Ավանեսյանը պաշտպան ունենալու հարցում իրեն աջակցելու համար դիմել է ՀԿԳ քննիչ Շահեն Հայրապետյանի օգնությանը:
Վերջինս խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հաշտակություն կատարելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օգտվելով Ն. Ավանեսյանի կողմից իր հանդեպ ձեւավորված վստահությունից, նրան առաջարկելու, հորդորելու եղանակով դրդել է կատարած հանցագործության համար ազատազրկման ձեւով պատիժ չկրելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իր միջոցով խոշոր չափերի՝ 2 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում կաշառք տալ մեղադրանքը դատարանում պաշտպանող ՀՀ զինվորական դատախազության թիվ 2 կայազորի դատախազության դատախազին, ինչին Նարեկ Ավանեսյանը համաձայնել է:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանը, ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառքի առարկան փոխանցել դատախազին կամ այլ պաշտոնատար անձի, նա 2014թ. հոկտեմբերի 7-ին իր աշխատասենյակում Նարեկ Ավանեսյանից ստացել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար եւ խարդախությամբ հափշտակել այն, միաժամանակ՝ կաշառք տալու փորձի դրդչություն կատարելով Ն. Ավանեսյանի նկատմամբ:
Նշենք, որ Շահեն Հայրապետյանին Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ կետերով եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Նարեկ Ավանեսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մինչդատական վարույթում Շահեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Առավոտի» մեկ այլ տեղեկությամբ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Նարեկ Ավանեսյանին Հատուկ քննչական ծառայությունում էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարված հանցանքի համար իր նկատմամբ հետագայում դատարանի կողմից ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու կամ ազատազրկում նշանակելու պարագայում պատժի կրումից ազատելու հարցում իրեն աջակցելու, լիազորությունների շրջանակում իր օգտին համապատասխան գործողություններ կատարելու համար նշված քրեական գործով դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազին խոշոր չափերի հասնող կաշառք տալու նպատակով, նույն քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շահեն Հայրապետյանի դրդչությամբ, 2014թ. հոկտեմբերի 7-ին նրան է փոխանցել 800 հազար ՀՀ դրամ կաշառք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դարձել է վերջինիս կողմից նախապես ծրագրված խարդախության զոհ, ով կաշառքի գումարը խաբեությամբ հափշտակել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2015