Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ Աստվածը թատրոնն է»

Մարտ 28,2015 13:30

Ասում է «Ձեր Աստվածը փողն է…»
ներկայացման բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը

Հավատարիմ մնալով խաղացանկում հայ դասական գրողների երկեր ունենալու անհրաժեշտությանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում տեղ գտած Պարոնյանի երկու, Շիրվանզադեի՝ երկու, Դեմիրճյանի երեք գործերի կողքին թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը Սունդուկյանի «Խաթաբալայից» հետո (բեմադրիչ՝ Գոհար Հարությունյան), իր բեմադրությամբ անդրադարձավ Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»-ին, այն վերնագրելով՝ «Ձեր Աստվածը փողն է…»:

Ավանդույթներով հարուստ այս ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացավ գրական լեզվով եւ թատրոնի ժանրին համահունչ:

Մարտի 25-ին՝ ներկայացման պրեմիերայից առաջ, Երվանդ Ղազանչյանը հանդիսատեսին տեղեկացրեց հիշյալ կատակերգության համառոտ պատմության մասին: «Էլի մեկ զոհի» առաջին ներկայացումը կայացել է 145 տարի առաջ՝ 1870թ., Թիֆլիսում՝ Թամամշյանի թատրոնում: Բեմադրել է սունդուկյանական դրամատուրգիայի ռահվիրաներից Գեւորգ Չմշկյանը, ինքն էլ հանդես է եկել գլխավոր դերակատարներից Միքայելի դերում: Ներկայացման մեջ խաղացել է նաեւ նրա կինը՝ հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին դերասանուհիներից Սաթենիկ Չմշկյանը: Այս կատակերգությունը խաղացել են Թբիլիսիի, Բաքվի, Բաթումի, Պետերբուրգի, Թավրիզի, Ստավրոպոլի, ինչպես նաեւ՝ հայաստանյան շատ թատրոններ: Առաջին ներկայացումից հետո ոչ միայն հանդիսատեսի, այլեւ մասնագետների հետաքրքրությունն այնքան շատ է եղել, որ «Էլի մեկ զոհը» բեմադրել է Հովհաննես Աբելյանը՝ դարձյալ Թիֆլիսում: Այս կատակերգության գայթակղությունից զերծ չի մնացել հայ բեմի մեկ այլ հզոր անուն՝ Իսահակ Ալիխանյանը՝ բեմադրելով այն Թիֆլիսի Մուրաշկոյի թատրոնում:

«Առավոտի» հետ զրույցում արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը խոսեց «Էլի մեկ զոհի» հայաստանյան «կյանքի» մասին: «1944թ. Մայր թատրոնում այս գործի աճեմյանական բարձրարվեստ ընթերցումը բանալի դարձավ հայաստանյան մյուս թատրոններում եւս այն բեմադրելու համար: Աճեմյանի բեմադրությունում թիֆլիսյան բարբառով փայլեցին Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, իսկ հետո այն բեմադրվեց բոլոր թատրոններում»,- հայտնեց պարոն Առաքելյանը: Հավելեց նաեւ, որ 1881թ., երբ Թիֆլիսում հյուրախաղերով հանդես են գալիս Սիրանույշն ու Պետրոս Ադամյանը, առաջին անգամ «Էլի մեկ զոհը» խաղում են թիֆլիսահայ Սոլոմոն Ղորղանյանի՝ գրական լեզվի վերածված տարբերակով, եւ այնքան մեծ է լինում հետաքրքրությունը, որ տեղի «Մշակ» պարբերականում հանդես է գալիս ժամանակի մեծ մտավորական Գրիգոր Արծրունին, ինչին անմիջապես հետեւում է հեղինակի՝ Սունդուկյանի արձագանքը:

Անդրադառնալով կոմեդիայի թատրոնում կայացած պրեմիերային, դատելով ներկայացման ավարտին բրավոների առատությունից, նշենք դերակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արա Դեղտրիկյանի, Զավեն Աբրահամյանի, դերասաններ Սաթենիկ Հախնազարյանի, Մարիամ Ղազանչյանի, Զարուհի Խաչատրյանի, Հասմիկ Վերդյանի, Արմեն Մարգարյանի, Վարուժան Մանուկյանի, Սերգեյ Ոսկանյանի, Քնարիկ Բաղդասարյանի եւ Խաչատուր Պոզոյանի՝ մեր կարծիքով՝ համոզիչ խաղը, պրոֆեսիոնալ խոսքը թողնելով մասնագետներին: Մի դիտարկում եւս՝ ջերմ ընդունելության արժանացած պրեմիերայի հաջողությունը գուցե նրանում էր, որ այն ներկայացվեց գրական լեզվով (վերածումը՝ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանի): Մի բան ակնհայտ է. ներկայացումը շահեց մեր մեղեդային եզակի կոմպոզիտորներից Արամ Սաթյանի երաժշտությունից: Նախերգանքը, վալսը, մեներգերը, դուետները (երգերի տեքստերի հեղինակ՝ Վաղունի Հովակիմյան) ապահովում էին կերպարների հոգեվիճակն ու ընդհանրապես նյութն ամբողջությամբ: Ռեժիսորն է Գոհար Փոքրիկյանը, նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը, զգեստները Տաթեւիկ Հովհաննիսյանինն են, պարերի բեմադրությունը՝ Ռիմա Պիպոյանինը, իսկ վոկալի խորհրդատուն է Ռուբեն Մաթեւոսյանը:

«Ձեր Աստվածը փողն է…»-ի բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին կեսկատակ-կեսլուրջ դիմեցինք հարցով՝ իսկ ո՞րն է իր Աստվածը:

«Իմ Աստվածը թատրոնն է, որտեղ ամեն ինչ կա, այդ թվում՝ նաեւ փողը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` «Ձեր Աստվածը փողն է» կատակերգության դերասանական խումբը:

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031