Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ Կոմիտասի նկարը չի օգնում հայկական Shadowmatic խաղին տարածում գտնել Հայաստանում

Մարտ 28,2015 13:00

«Triada Studio» ընկերության Shadowmatic 3 դոլար արժողությամբ խաղն այս տարվա հունվար ամսին հայտնվեց iOS բջջային օպերացիոն համակարգի App Store առցանց խանութում: Հրապարակվելուց շատ կարճ ժամանակ անց այն կարողացավ մեծ տարածում գտնել ամբողջ աշխարհում եւ ճանաչվեց հունվար ամսվա լավագույն խաղ: Խաղի մասին հոդվածներ են հրապարակել այնպիսի հանրահայտ թերթեր, ինչպիսին են «The Guardian»-ը, «Times»-ը եւ այլն:

Shadowmatic-ը puzzle տեսակի խաղ է, որտեղ 1, 2 կամ 3 կտորից բաղկացած առարկները պետք է այնպես պտտել, որպեսզի դրանց ստվերով ստացվի պահանջվող պատկերը: Դժվարանալու դեպքում կան վճարովի հուշումներ:

«Triada Studio» ընկերության ղեկավար Արա Աղամյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք 10 տարի առաջ որոշել էին խաղ ստեղծել: 1993 թվականին հիմնադրված ընկերությունը մինչ այդ հիմնականում զբաղվել էր համակարգչային գրաֆիկայով, պատրաստել է գովազդային հոլովակներ, ֆիլմերի համար ստեղծել է վիզուալ էֆեկտներ եւ այլն: Այդ պատճառով խաղը սկզբում անծանոթ ոլորտ է եղել աշխատակիցների համար. «Պատկերացում չունեինք բարդությունների մասին: Որոշեցինք այդպիսի մի բարդ խաղ պատրաստել՝ կապված Ղարաբաղյան պատերազմի հետ: Դա մենք անում էինք մեր հիմնական աշխատանքի հետ զուգահեռ, այդ պատճառով դանդաղ էր առաջ գնում, քան մենք կուզենայինք: Որոշ ժամանակ անց հասկացանք, որ շատ բարդ խնդիր ենք դրել մեր առջեւ, քանի որ շատ ծախսատար է, այսինքն` պետք են տասնյակ շատ բարձր մակարդակի մասնագետներ, որոնք տարիներով կաշխատեն ու դա կդառնա ամբողջական արտադրանք»:

Այնուհետեւ, ըստ Արա Աղամյանի, առաջացել է Shadowmatic-ի գաղափարը եւ քանի որ այդ ժամանակ Apple iOS համակարգը սրընթաց վերելք էր ապրում, որոշեցին հենց այդ համակարգի համար ստեղծել. «Ցանկանում էինք ամենաշատը մի կես տարվա ընթացքում խաղ թողարկել եւ երկար-բարակ մտածելուց հետո կանգ առանք այս խաղի մտքի վրա, որովհետեւ կարծեցինք, որ հետաքրքիր բնույթ ունի, մեր գրաֆիկան շատ բարձր որակ ունի այդ ժամանակվա համար եւ փորձը ցույց տվեց, որ 3 տարի անց այն նույնպես արդիական է: Եվ կարծում ենք, որ դա հաջողության գրավականն է»:

Նա նաեւ նշեց, որ Android օպերացիոն համակարգը միայն տարիներ անց կարողացավ հասնել Apple-ին եւ հավելեց, որ Android-ում շատ են գողությունները. «Ուրիշ խաղերի տվյալներով՝ 95%-ը գողացած խաղեր են: Այնինչ iOS-ում այդ թիվը 40% է կազմում: Երբ մենք հրապարակեցինք Shadowmatic-ը, մի քանի ժամ անց արդեն գողացած տարբերակը կար համացանցում: Դրա դեմ անիմաստ է պայքարել, որովհետեւ գողացած խաղ խաղացողը միշտ էլ այդպես է վարվելու»:

Ընդհանուր առմամբ խաղը պատրաստվել է 3 տարում: Աշխատել են 4 հոգի, որոնցից մեկը եղել է ծրագրավորող, մեկը՝ դիզայներ, մեկն էլ՝ երաժիշտ: «Երաժշտությանը շատ լուրջ ուշադրություն է դարձված, այսինքն` երաժիշտը մեր թիմի անդամն էր եւ նա բոլոր ժողովներին մասնակցում էր եւ դրա համար հոյակապ զգում էր խաղը եւ շունչը»:

Ընկերության ղեկավարը չցանկացավ հրապարակել ներբեռնումների մասին տվյալներ, խոստանալով, որ դա կանի հետագայում: Անդրադառնալով Հայաստանից ներբեռնումների քանակին՝ ասաց, որ շատ քիչ են. «Հայաստանը փոքր շուկա ունի»:

Xbox եւ Playstation համակարգիչներն ունեն հնարավորություն առանց սարքերի, օդում, ձեռքով կառավարելու խաղերը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է ապագայում տեսնել այդ համակարգիչների համար պատրաստված Shadowmatic, Արա Աղամյանը պատասխանեց. «Չենք մտածել այդ մասին: Ենթադրում եմ, որ հնարավոր է, ուղղակի այնտեղ այդ ձեռքով շարժող սարքերը ճշգրտության խնդիր ունեն: Մեր խաղում կարող է միլիմետրերի շարժում պետք լինի, որ ճիշտ պատկեր ստացվի, իսկ այնտեղ այդ սարքը կարող է չապահովել դա: Այդ ուղղությամբ չենք մտածել: Չենք բացառում, բայց դեռ շուտ է այդ մասին խոսել»:

Դիտարկմանը, թե մի շարք օգտատերեր բողոքում են, որ խաղը հայկական է, բայց չունի հայերեն լեզվով կարգավորումներ, պարոն Աղամյանն արձագանքեց, որ դրանք արդեն պատրաստ են եւ շուտով թարմացման տեսքով հասանելի կլինեն App Store-ում. «Այլ նորամուծություններ էլ են լինելու: Նոր թարմացման մեջ նաեւ որոշ փուլեր ավելի հեշտ են լինելու անցնել, որովհետեւ ահագին բողոքներ եղան, որ շատ են տանջվում այդ միլիմետրերի համար»:

Այնուամենայնիվ, խաղը ունի որոշ հայկական տարրեր. «Խաղի մեջ քարտեզի վրա կան մի քանի հայկական տառեր, կա Կոմիտասի նկար սենյակներից մեկում, բայց ակնհայտ ճչացող բաներ չկան: Հենց խաղը սկսում է, անմիջապես «Ա» տառը աչքի է ընկնում քարտեզի վրա»:

Պարոն Աղամյանը չբացառեց նաեւ, որ հետագայում խաղը կարող է անվճար դառնալ կամ ինչ-որ ակցիա կլինի. «Որոշ ժամանակ անց կարող է ինչ-որ բաներ լինեն: Դեռ չենք որոշել, երբ ու կլինի, թե ոչ, բայց չենք բացառում»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Այսինքն ինչ ասես անելու են, բացի Անդրոիդի տարբերակ սարքելուց։ Հետո էլ բողոքում են, թե հայերը չեն առնում։
    Բա Այֆոն բռնող հայերի քանի՞ տոկոսն ա կյանքում ինչ որ բան փողով առել։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031