Հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ – աշխարհի հավաքական վետերաների հանդիպումը, ինչպես ընդունված է պրոֆեսիոնալ ֆուտբոլում, սկսվեց նախախաղային մամուլի ասուլիսով:
«Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես պետք է մարզեմ աշխարհի հավաքականի խաղացողներին, ինչ ասեմ հանդիպումից առաջ: Ավելի շուտ ինքս անչափ երջանիկ եմ, որ գտնվելու եմ այնպիսի աստղերի կողքին, որոնք հրավիրվել են այս խաղին», – մամուլի ասուլիսի սկզբում ասաց Եվգենի Լովչեւը, որը վաղվա խաղում գլխավորելու է աշխարհի հավաքականը:
Լրագրողները, երբ նրան հարցրին, թե ինչպես է պատկերացնում միմյանց թշնամի երկու ակումբների` Մադրիդի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստների ներկայությունը նույն թիմում (խոսքը վերաբերում է չիլիացի Իվան Սամորանոյին եւ բուլղարացի Խրիստո Ստոյիչկովին), Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը հումորով նշեց. «Հավանաբար նրանց պետք է խաղացնեմ տարբեր կեսերում»:
1993 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Խրիստո Ստոյիչկովն այդ կապակցությամբ ասաց, որ Սամորանոն առաջ մրցակից է եղել, բայց այսօր իր ընկերն է, ուստի վաղը իրենք խաղալու են հայ ժողովրդի համար:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` A1+-ի կայքում