Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրացիները Սաակաշվիլիին կարոտում են. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 27,2015 20:45

4.5 միլիոն բնակչություն եւ 14.6% գործազրկություն ունեցող Վրաստանի կառավարությունը երկրի ոչ արդյունաբերական շրջանների բնակչությանն էլ փորձում է ներգրավել զբոսաշրջության զարգացման գործում: Զբոսաշրջային քաղաքների, եթե դրանք ծովափնյա չեն, բնակչությունը ապրուստի միջոց է վաստակում առեւտրի հաշվին: Դրանք ազգային ձեռագործ իրեր են` զարդեր, հագուստ, ազգային խոհանոց եւ հուշանվերներ:

Եվրոմիությանն ինտեգրվելու ճանապարհը բռնած այս երկրի բնակիչներն առայժմ իրենց մաշկի վրա չեն զգում եվրոպական կյանքը:

Վերջերս հայ, բելոռուս, ուկրաինացի,ադրբեջանցի, ղազախ եւ ուզբեկ լրագրողների խումբը Վրաստանի տուրիզմի ազգային վարչության հրավերով  մեդիա-տուրի մասնակցեցին: Այցերից մեկը Մցխեթա քաղաքն էր. մինչ այս քաղաք հասնելը, լրագրողների խմբի էքսկուրսավարը զգուշացրեց, որ Վրաստանի ամենամատչելի գները` ազգային հուշանվերների, վրացական հայտնի համեմունքների, հենց այս քաղաքում է. այսպես է ասվում նաեւ բոլոր զբոսաշրջիկներին: Սա, ըստ էության, մտածված է արվում, որպեսզի, բացի առեւտրից, այլ զբաղվածություն չունեցող Մցխեթայի բնակիչներին տուրիզմով ինչ-որ կերպ աջակցեն` առեւտուր լինի: Aravot.am-ը համեմատություն արեց Մցխեթայի, Թբիլիսիի եւ այլ զբոսաշրջային քաղաքներում վաճառվող հուշանվերների գները. ոչ մի էական տարբերություն չկար:

IMG_2290 IMG_2317 IMG_2318 IMG_2331

Այս փոքրիկ քաղաքի բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում նկատեցին, որ իրենք հատկապես գոհ են ադրբեջանցի եւ ղազախ զբոսաշրջիկներից. «Նրանք հարուստ են, լավ առեւտուր են անում, ուրախանում ենք, որ իրենք գալիս են, ամեն ինչ էլ առնում են` զարդերից սկսած մինչեւ տարազներ: Հայերը քիչ առեւտուր են անում, ռուսներն էլ` ոչինչ, նորմալ առեւտուր են անում»:

Ուշագրավ է, որ մեդիա-տուրի ընթացքում տարբեր քաղաքների բնակիչները մեզ հետ զրույցում կարոտով էին հիշում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կառավարման տարիները: Որ քաղաքում, որ լինում էինք, այնպիսի վայր չկար, որտեղ Սաակաշվիլիի «մատը խառը» չլիներ` տուրիստական կենտրոնները վերականգնելու, արդիականացնելու, ներդրումներ ներգրավելու առումով: Վրացիներն ասում են` «Մենք հիմա ավելի վատ ենք ապրում, քան Շեվարդնաձեի ժամանակ էր. հիմա ամեն ինչ սարսափելի թանկացել է, լարին արժեզրկվել է, կյանքը դժվարացել է, Սաակաշվիլիի ժամանակ «հազար անգամ» լավ էր»:

Մեր դիտարկմանը, որ  Վրաստանն այժմ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին է, ինչ է տալիս Վրաստանի շարքային քաղաքացուն, Մեցխեթիի  մեր զրուցակիցն ասաց. «Մեզ` ի՞նչ դրանից: Մենք իրականում ուզում ենք լավ հարաբերություններ ունենանք եւ հայերի հետ, եւ եվրոպացիների, ադրբեջանցիների, ռուսների, բոլորի հետ»: Մի տարեց տղամարդ էլ միջամտեց, ասելով` «Էհ, մի օր սոված ենք քնում, մի օր` կուշտ, այսպես ենք ապրում»:

Հայազգի մի երիտասարդ, Ռոլանդը, ամուսնացել է վրացուհու հետ, 3 երեխաներ ունեն, 3-ի անուններն էլ վրացական են, ապրում է Մեցխեթա քաղաքում, այստեղ էլ հնաոճ զարդերի առեւտրով է զբաղվում: Մեր հարցին` երբեւէ մտածե՞լ է Հայաստանում ապրել, աշխատել, Ռոլանդն ասաց` «Որ ասեմ` հա, սուտ կլինի, ես Թիֆլիսում եմ ծնվել, մեծացել, ուրիշ տեղ չեմ պատկերացնում, որ կապրեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031