Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան. «Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն, հավանաբար, օրենքի բոլոր դրույթներով առաջնորդվելով է գրանցել բոլոր կուսակցություններին»

Մարտ 27,2015 20:29

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ին հերթական նիստն է գումարել: Օրակարգում ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի  հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու մասին հարցն էր: Նիստի ընթացքում որոշում կայացվեց գրանցել բոլոր 7 կուսակցություններին՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», Արցախի ժողովրդավարական կուսակցություն, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն, «Խաղաղություն եւ զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88»:

Մարտի 23-ին քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ էր հղել «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Նամակում պարոն Ղուկասյանն անդրադառնում է այն հանգամանքին, որ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ որպես պատգամավոր, մասնակցելու է ԼՂՀ ԱԺ ընտրություններին:

«ԼՂՀ սահմանադրության համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հայաստանում եւ Արցախում բոլորին հայտնի է, որ Արթուր Աղաբեկյանը 2007-2012թթ․ եղել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ պատիվ է ունեցել ՀՅԴ-ն ներկայացնելու ՀՀ խորհրդարանում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արթուր Աղաբեկյանը խնդիր ունի պարզաբանելու, թե ինչպես նրան հաջողվեց 2007-2012 թթ․ ընկած ժամանակահատվածում մշտապես բնակվել Արցախում, պահպանել այստեղ ընտրական իրավունքն ու միաժամանակ զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում ԱԺ պատգամավորի պաշտոնը»,- ասվում է նամակում:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում հրաժարվեց խոսել Անդրիաս Ղուկասյանի բաց նամակի մասին. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հավանաբար, օրենքի բոլոր դրույթներով առաջնորդվելով հանդերձ՝ բոլոր կուսակցություններին եւ թեկնածուներին գրանցել է, այսինքն՝ այդ գրանցման գործընթացն իրենց իրավական լիազորությունն է: Որեւէ իմաստ չեմ տեսնում մեկնաբանել այդ գործընթացը»:

Անդրադառնալով մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին՝ պարոն Իշխանյանն ասաց, որ կարծում է՝ յուրաքանչյուր ընտրություն կարեւոր է Արցախի համար. «Ինչպես միշտ այս անգամ եւս Ադրբեջանը գործի է դրել իր սեւ քարոզչամեքենան եւ ամեն գնով փորձում է նսեմացնել եւ տապալել Արցախում տեղի ունեցող որեւէ համապետական իրադարձություն, մասնավորապես՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Արցախի պետության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաեւ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման առումով այս խորհրդարանական ընտրություններն ունեն իրենց կարեւոր դերակատարությունը: Միանշանակ, պետք է նկատի առնել, որ այս ընտրությունները Սահմանադրությամբ լիազորված այն ընտրություններն են, որոնց շնորհիվ Արցախն արդեն անցնելու է արհեստավարժ ռեժիմի, այսինքն՝ խորհրդարանը լինելու է արհեստավարժ, եւ մշտական գործող խորհրդարան ենք ունենալու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031