«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy” խմբի 6 արտիստների մասնակցությամբ հետաքրքիր եւ յուրօրինակ ֆոտոպատմություն է նկարահանվել Հայաստանում: Հավատարիմ մնալով եվրատեսիլյան հայաստանյան այս տարվա մասնակցության ձեւաչափին՝ “Genealogy”-ն ներկայացնում է իր ծագումնաբանությունը: Խմբի անդամներն իրենց մեջ կրում եւ փորձում են եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել նաեւ հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը: Ֆոտոսեսիան իրականացվել է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում, որտեղ ներկայացվում է նաեւ հայկական, ազգային մշակութային ավանդույթները, հայկական ճարտարապետության առանձնահատկությունները, գրավչությունը, ինչպես նաեւ քանդակագործության յուրօրինակությունն ու ինքնատիպությունը:
Ֆոտոսեսիայի ոճաբանն է Արմեն Գալյանը, լուսանկարիչ՝ Ռուբեն Մարտիրոսյան:
Արմեն Գալյանը մասնակիցների հագուստներում համադրել է սեւի եւ մոխրագույնի տարբեր երանգներ, իրարից տարբեր գործվածքներ, ինչի շնորհիվ էլ միապաղաղ գունային գամման ստացել է ավելի եռաչափ տեսք: Հագուստը կարվել է այժմ նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով: «Մենք համադրել ենք եվրոպական եւ հայկական նորաձեւության միտումները, զուգակցել արդիականն ու ավանդականը: Փորձել ենք ստանալ ժամանակակից համարվող, ինչպես նաեւ հայկական արմատները միաձուլող կերպարներ: Ընտրված թեման շատ նորաձեւ է»:
Կարդացեք նաև
Կերպարն ընդգծելու եւ ամբողջացնելու համար օգտագործվել են մեր սփյուռքահայ եւ հայաստանցի մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության, Մուղնիի եկեղեցու զարդանախշերով պատրաստված հատուկ կրծքանշաններ, որոնք խորհրդանշում են “Genealogy” խմբի անունը, հայաստանյան մասնակցության ձեւաչափի հիմքում ընկած ծագումնաբանության գաղափարը, հայ ժողովրդի դարավոր մշակույթի առանձնահատկությունները:
Լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանն էլ, ոգեշնչվելով եվրատեսիլյան “Face The Shadow” երգից, յուրովի կարողացել է յուրաքանչյուրի կերպարը դարձնել ստվեր:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի “Genealogy” խումբը՝ “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին