2015թ. մարտի 21-ին, ժամը 17-ի սահմաններում Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցում անհիմն վիճաբանության են բռնվել Իջեւանի բնակիչներ, 1979թ. ծնված Արման Մարտիկի Մարտիրոսյանը եւ 1995թ. ծնված Ժիրայր Մհերի Թանանյանը: Մեր տեղեկություններով՝ Ժ. Թանանյանը Ա. Մարտիրոսյանին մեղադրել է անցյալ տարի իրենց այգու կեռասը քաղելու համար: Վեճի հետեւանքով Ա. Մարտիրոսյանը դանակով խոցել է Ժ. Թանանյանի կրծքավանդակի ձախ կեսը, նրան պատճառել սրտամկանի վնասվածք:
Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: Նրա վիրահատության ընթացքում կատարվել է շտապ խորհրդատվություն Երեւանի « Էրեբունի» ԲԿ մասնագետների հետ: Վիրահատությունից հետո , նույն օրը ժամը 22.30-ի սահմաններում, Ժ. Թանանյանը ռեանոմոբիլով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ երեք երեխաների հայր, ոչ մի տեղ չաշխատող Արման Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով,նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ