ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» 2014-2015թթ. ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 13-22-ը Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա և Հայկական շաբաթօրյա դպրոցներում վերապատրաստում անցկացրեց հայերենի ուսուցիչ Աստղիկ Բալայանը:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 39 ուսուցիչ և կրթական հանձնախմբերի ներկայացուցիչ: Հիմնականում գործնական բնույթ կրող դասընթացները նպատակաուղղված էին աշակերտների գրաճանաչության գործի արդյունավետ կազմակերպմանը, սովորողների կարդալու կարողության զարգացման ժամանակակից մոտեցումներին, խոսքի զարգացման աշխատանքների, ինչպես նաև գրավոր խոսքի կատարելագործմանն արդյունավետ միջոցների առանձնահատկություններին:
Մասնագետը ծանոթացել է դպրոցների առօրյային, մասնակցել ուսումնական աշխատանքներին, զրուցել երեխաների ու նրանց ծնողների հետ:
Աստղիկ Բալայանը դպրոցներին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարարության նվերները, կոչ արել առավել ակտիվ մասնակցել Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերին, միջոցառումներին:
Կարդացեք նաև
Մասնագետը հավաստիացնում է, որ Լոնդոնի հայկական դպրոցների հիմնական դժվարությունները կապված են ուսումնական սեփական տարածքի բացակայության հետ. ուսուցիչները ստիպված են յուրաքանչյուր ուսումնական օր իրենց ուսումնական նյութերը տեղափոխել մի հաստատությունից մյուսը:
Նկատելի են նաև սովորողների թվաքանակի ապահովման հետ կապված խնդիրներ, քանի որ ընտանիքներում աստիճանաբար թուլանում է հայերենի նկատմամբ հետաքրքրությունը և դրանով պայմանավորված նաև վերաբերմունքը հայերենի ուսուցման նկատմամբ: Ուստի մանկավարժները մշտապես ունեն շարունակական մեթոդական աջակցության, ուսումնական նյութերի թարմացման կարիք:
Գ.Թահթայանի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը և Հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրեն Ռամելա Ղազարյանը, շնորհակալական նամակ հղելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կազմակերպելու համար, նշել են, որ Ա.Բալայանը համայնքի ուսուցիչներին է փոխանցել անհրաժեշտ վերապատրաստման նյութեր և իր աշխատանքով մեծ խանդավառությամբ համակել ուսուցիչներին և աշակերտներին:
Տնօրենները հույս են հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ, և ներկայացրել են լրացուցիչ ուսումնաօժանդակ գրականությամբ դպրոցներին ապահովելու խնդրանք:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ