Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայից քաղաքական ապաստան խնդրող հայերը շատացել են

Մարտ 27,2015 17:44

«Կարծում եմ՝ քաղաքական ճնշումների հետ այդ պատկերը կապ չունի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք այն, որ համաձայն ՄԱԿ-ի զեկույցի եվրոպական երկրներից քաղաքական ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվը 2013-ի համեմատ աճել է 2014-ին կապ ունի՞ ՀՀ իշխանությունների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ իրականացրած ճնշումների հետ, այսպես պատասխանեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նշենք, որ համաձայն ՄԱԿ-ի զեկույցի՝  2014-ին եվրոպական 44 երկրներից քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից 5,242 մարդ, 2013-ին՝ 4,841: Մինչդեռ հարևան Ադրբեջանի ցուցանիշներն ավելի ցածր են. 2014-ին Եվրոպայից քաղաքական ապաստան հայցած ադրբեջանցիների թիվը կազմել է 2,617, իսկ 2013-ին՝ 2,437:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ նույնիսկ քաղաքական ապաստան խնդրողների մեկ-երկու տոկոսը իրական քաղաքական դրդապատճառներով չի գնում. «Հասկանալի է, որ նրանք տարբեր դրդապատճառներով են գնում. երկրի ընդհանուր անարդարություն, բարոյական նահանջ և այլ պատճառներ: Այլ հարց է, որ քաղաքական ապաստան խնդրելու տարբերակն իրենց ավելի վայելուչ և հարմար է թվում: Այս պատկերն իրականում մեր ընդհանուր արտագաղթի դրսևորումներից է»: Հրանուշ Խառատյանը չի բացառում, որ եվրոպական երկրներից քաղաքական ապաստան են խնդրում նաև Սիրիայից, Իրաքից և ռազմական իրավիճակից ելնելով ՀՀ-ում հայտնված մի շարք անձինք: Ըստ ազգագրագետի՝ մեր երկրում չեն էլ ցանկացել նման ուսումնասիրություն կատարել, որ այս թվերից դատելով՝ իրական պատկերը ստացվեր:

Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ եվրոպական երկրներից ավելի քիչ ադրբեջանցիներ են քաղաքական ապաստան խնդրում, քան հայեր, մինչդեռ բազմիցս խոսվում է, թե խոսքի ազատության և հանդուրժողականության առումով ինչպիսի վատթար վիճակում է Ադրբեջանը, տիկին Խառատյանը պատասխանեց. «Եվրոպան, ինչքան էլ ազատությամբ աչքի ընկնի, քրիստոնյա է և նույնիսկ իսլամական երկրների հետ կապված դատական գործընթացներում երբեմն քաղաքական լուծումներ են տալիս: Թեև իսլամական ժողովուրդների համար Եվրոպան գայթակղիչ է, բայց տարբեր հարթություններում կան խնդիրներ: Մյուս կողմից ադրբեջանցիները նաև Թուրքիայից են Եվրոպա գնում»: Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ «իրական քաղաքական պայքար մղող գործիչները ոչ Ադրբեջանից, ոչ էլ ՀՀ-ից չեն գնում այլ երկիր ու քաղաքական ապաստան խնդրում, մնում են հենց իրենց երկրում, որ հարց լուծեն, ոչ թե փախչում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031