Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ կան, ինչքան սև ցուցակ կա, էդ ցուցակի մեջ են». Շիրակի մարզպետ (Տեսանյութ) 

Մարտ 27,2015 17:16

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ այսօրվա նիստին ներկա է գտնվելու տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, սակայն վերջինս չէր կարողացել գալ ու իր փոխարեն ուղարկել էր Վաչե Տերտերյանին, իր օպերատորի հետ: ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել էր Ամասիայի տարածաշրջանում՝ 85, 4 տոկոս, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 92,2 տոկոս էր: Մարզում սեփական եկամուտները կատարվել է 99,5 տոկոսով, մարզի քաղաքները բարձր ցուցանիշներ են ապահովել. Գյումրին 104,3 տոկոս,, Արթիկը՝ 105,0, Մարալիկը՝ 103,4 տոկոսով: 77 համայնք միջինից ցածր տոկոս են ապահովել, իսկ 4 գյուղեր սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50,0 տոկոս չեն ապահովել: Սա առիթ դարձավ, որ փոխնախարարը նեղվեր՝ հայտարարելով, որ այդ համայնքները խրոնիկ այդ վիճակում են, իսկ դա նշանակում է տվյալ համայնքներում գյուղապետ չկա:

Marzxorhurd_1

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի դիտողությունը՝ ուղղված այդ նույն գյուղապետերին, շատ ավելի ազդեցիկ էր: «Մարդիկ կան, որոնք տարբեր բնագավառում երկար տարիներ ղեկավարում են պատշաճ, բայց նրանց կողքին կան մարդիկ, որոնք անընդհատ ինչքան սև ցուցակ կա, էդ սև ցուցակի մեջ են»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը հարկերի հավաքման այս տարվա ընթացքը համարեց ոչ բավարար՝ գյուղապետերին դիտողություն անելով, թե թողնում են հարկերը կուտակվի, հետո փորձում են միանգամից գանձել, որը չի ստացվում: Մինչդեռ գյուղացիների վիճակը տեսնելով, կարելի էր քիչ-քիչ հավաքել: «Թողնում ես կուտակվում է, գյուղացին չի կարող տալ, դու էլ չես կարող վերցնել, հարկավոր է քիչ-քիչ աշխատել, ամեն օր աշխատել», -ասաց մարզպետը: Նա նկատեց, որ հողահարկի հավաքման գործում կաղում է մարզը. մարզում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը ապահովվում է գույքահարկի հաշվին:

Մարզպետը նաև ասաց, որ Ամասիայի տարածաշրջանի գյուղերն այցելելիս ամեն դաշտում մի հատ ամառանոց է տեսնում, որտեղ անասուններ են պահում: Սակայն, ըստ պարոն Ցոլակյանի, անասնապահները հիմնականում Արմավիրի մարզից են, որոնք պայմանագիր չեն կնքում տեղի գյուղապետերի հետ տվյալ համայնքի արոտավայրերից օգտվելիս: «Ամբողջ Արմավիրի մարզը մեր մոտ արոտավայր է գալիս: Ես թաղում եմ գնացել Ամասիա, 4-5 մարդ մոտեցան, 4-5-ն էլ անասնապահ են, խոսեցի հետները, բոլորը Արմավիրի մարզից են: Եթե համայնքապետը ցավում է իր համայնքի համար, պետք է կարողանա այս գործը կազմակերպի, իր համայնքին լրացուցիչ ֆինանսավորում բերի, եթե չի ուզում անել, սա արդեն ուրիշ հարց է, իսկ եթե ուրիշ բան է մտածում, շատ ավելի վատ հարց է…»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031