«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին մարտի 27-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հանդիպել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Վերջնական պայմանավորվածությունը եղավ այն, որ սկսում ենք աշխատանքները, արդեն բավականին փաստեր կան: Մեր կազմակերպությունը ապահովում է մոտ 200 էջ պատմական փաստաթղթերով, որոնք նաեւ բերվել են Թուրքիայից, հիմնականում արաբերեն են, նաեւ կա թուրք պրոֆեսորի գրած աշխատություն, որը հրապարակել է Աթաթուրքի անվան Թուրքիայի ժամանակակից պատմության ինստիտուտը»,- ներկաներին հայտնեց նա:
Բորիս Մուրազին հավելեց, որ Էդուարդ Շարմազանովին խնդրել է, որ աշխատանքային խմբում ընդգրկվեն այն պատգամավորները, որոնք մտահոգվում են խնդրով. «Ես խնդրել եմ, որպեսզի Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը ընդգրկվեն աշխատանքային խմբում, իրենց մտահոգությունները հայտնեն: Իրենց եւս տրվելու է փաստաթղթերի փաթեթը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ