Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ չենք ապրելու, քանի դեռ հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերը լուծված չեն

Մարտ 27,2015 16:49

«Ինձ մնում է գովել մեր ազգային փոքրամասնություններին, ովքեր ապրում են Հայաստանում, քանի որ պարոն դեսպանը գովեց Ղազախստանում բնակվող հայերին, Ստեփան Գրիգորյանը` ղազախներին»,- իր ելույթն այսպես թեթեւ նոտայով սկսեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի նախագահ Մարգարիտ Եսայանը՝ «Միջէթնիկ համաձայնությունը`որպես պետության բարգավաճման երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկումը նախաձեռնել էին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

«Ստեփան Գրիգորյանը լավ միտք առաջ քաշեց, ես համամիտ եմ, ժամանակն է, որ մենք էլ պառլամենտում, նաեւ պատգամավորի կարգավիճակով, ունենանք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ»,- ասաց տիկին Եսայանն, ինչն արժանացավ քննարկմանը մասնակցող Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների դրական արձագանքին: Նա նկատեց, որ Հայաստանի անկախության տարիներից ի վեր, ՀՀ իշխանություններն աշխատել են այն ուղղությամբ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Հայաստանում իրենց օտարված չզգան: Նա մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, թե ի՞նչ է հիմա է կատարվում Մերձավոր Արեւելքում, բարեկամական Ուկրաինայում, նաեւ այն պատճառով, որ այստեղ կես միլիոն հայ է ապրում:

Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաեւ ցեղասպանության խնդրին, նկատելով որ Հայոց ցեղասպանությունը Իրաքում, Ռուանդայում, Դարֆուրում իրականացվող ցեղասպանությունների իրավանախորդն էր ու գուցե ժամանակին դրա դատապարտումն այժմ այլ իրավիճակ ստեղծեր մարդկության համար: Դիվանագետներին եւ պատկան մարմիններին Մարգարիտ Եսայանն առաջարկեց չմոռանալ, որ 21-րդ դարում դեռ փակ է Եվրոպայի միակ սահմանը՝ հայ-թուրքական սահմանը եւ դա փակել է Թուրքիան, որը ԵՄ անդամության հավակնություններ ունի: «Քանի դեռ այս կամ այն հարցում երկակի ստանդարտներով ենք առաջնորդվում, մեծ արդյունքներ չենք ունենալու»,- ասաց տիկին Եսայանը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը գտնում է, որ Հայաստանում, ազգային փոքրամասնությունների իրավունքների, ապրելու, կարգավիճակի հետ կապված խնդիրների առումով, պետությունը գործում է իր հնարավորությունների շրջանակում: «Մեզ համար, որպես պետություն, կարեւոր է մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունն, անկախ նրա ազգային պատկանելիությունից: Ես վստահ եմ, որ ՀՀ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունները չունեն այլ խնդիրներ, քան ՀՀ մնացյալ քաղաքացիները ու դա արդեն շատ բանի մասին է խոսում»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ

Հայաստանում բոլորի համար, չեն կարող լիարժեք լուծում ստանալ առկա խնդիրները, քանի դեռ ՀՀ-ի համար չեն լուծվել երկու հարց`Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ԼՂՀ հարցը.  «Այս խնդիրներում մենք ակնկալում ենք միջազգային կառույցների, ԵԱՀԿ-ի, որը ԼՂՀ հարցում առաջնային մանդատ ունի եւ ԵՏՄ անդամ նոր գործընկերների կողմից աջակցություն: Որեւէ համագործակցություն հաջողության կհասնի, եթե առաջնորդվի ոչ թե երկակի ստանդարտներով, այլ իրողություններով»:

«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն էլ իր ելույթում անդրադարձավ ապրիլի 26-ին Ղազախստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին: «Ղազախստանը զարգացման ինդեքսի ամենազարգացած 50 երկրների մեջ է, Նազարբաեւն անցած տարի խնդիր է դրել 30-ի մեջ մտնել: 11-րդ տեղն է զբաղեցնում`արագ զարգացող 20 երկրների շարքում: Կենտրոնանան Ասիայում դոմինանտ երկիր է ու աշխարհի ուշադրությունն այս առումով Ղազախստանի վրա է»,- ասաց բանախոսը՝ նկատելով նաեւ, որ տեղի ընդդիմադիր կուսակցությունների լիդերները ընդունում են, որ իրենք Նազարբաեւին այլընտրանք լինել չեն կարող: Ուստի, Նազարբաեւի հաղթանակը նա համարում է ապահովված:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրությունների գնալու Նազարբաեւի քայլը պայմանավորված էր լրացուցիչ լեգիտիմության անհրաժեշտությամբ: Քաղաքագետի կարծիքով առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում եւ դրանց համատեքստում կայացվելիք որոշումների համար ավելորդ լեգիտիմությունը Ղազախստանի նախագահին պետք կգա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031