«Մեր կրած վնասները հոկտեմբերից մարտ ժամանակահատվածում 500 միլիոն դրամից ավելի են: 85 միլիոնը պահածոների, մնացածները ալկոհոլային խմիչքների մասով են կազմել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Իրավիճակն ապրանքային շուկայում՝ պայմանավորված ռուբլի/դրամ տատանումներով» թեմայով քննարկմանը հայտարարեց Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրեն Ավիկ Գասպարյանը: Նա նշեց, որ պետության օգնությունը կարող է լինել այն, որ գումարներ տրամադրեն գյուղացիներին ու սուբսիդավորեն նրանց: Նա նշեց, որ առավել ևս տնտեսական վիճակի վատթարացմամբ՝ վարկերի տոկոսադրույքները հնարավոր է բարձրանան:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ վնասներ կրած ընկերությունները բազմաթիվ են. «ԵՏՄ անդամակցությունից հետո ձեռնարկությունների վնասները երկու մասի են բաժանվում. արտահանումներ, որոնք դեռ անցյալ տարվա կեսերից են նկատվում և դեռ շարունակում են տուժել, քանի որ կամ ՌԴ արտահանում են վնասով, կամ չնչին շահով, կամ էլ պարզապես չեն արտահանում»: Գագիկ Մակարյանը պարզաբանեց, որ այս իրավիճակի պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն է. «ՌԴ իշխանությունները սկզբում ներքին կարգով հետո պաշտոնապես արգելեցին իրենց երկրում գների աճը և այդ պայմաններում մեր ձեռնարկատերերը չկարողացան վերանայել իրենց պայմանագրերը: Իրենք հարկադրված են ռուբլու դիմաց փոքր դրամային զանգված ստանալ»: Գագիկ Մակարյանը նշեց, թե 35 ընկերություններ այս խնդրի առաջ են կանգնած ու հավելեց. «Մի շարք պահածո արտահանողներ դադարեցրել են արտահանումը: Որոշ ընկերություններ էլ վնասով են արտահանում, որ իրենց շուկան չկորցնեն: Օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանը վնասով է աշխատում»:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ ՌԴ արտահանումները նվազել են. «Խնդիրն այն է, որ ՌԴ-ում տեղական արժույթը արժեզրկվել է երկու անգամ դոլարի նկատմամբ ու այդ պատճառով մեր արտահանողներն են տուժել: Բայց այս իրավիճակը մշտական չի կարող լինել: Վերջին միտումների համաձայն՝ ռուսական ռուբլին մինչև երկու ռուբլու սահմաններում արժևորվում է դոլարի նկատմամբ»:
Հարցին՝ պետությունը կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում վնաս կրած ընկերություններին օգնելու համար, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը պատասխանեց. «Պետք է տեղական ընկերությունները իրականացնեն այնպիսի աշխատանք, որ կարողանան դիվերսիֆիկացնել շուկան: Պետությունն ունի աջակցության գործիքակազմ: Մթերումների ժամանակ արդեն երկու երեք տարի է ունիվերսալ վարկեր են տրամադրվում լավ պայմաններով, արդյունաբերական զարգացման հիմնադրամի կողմից նաև վարկերի սուբսիդավորում է տրամադրվում: Շուրջ քսան ընկերությունների համար նախատեսում ենք հնարավոր լուծումներ գտնել առաջիկա օրերին»:
Կարդացեք նաև
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը նկատեց. «Այսօրվա իրավիճակը 2008-2009-ին է նմանվում, երբ մեր տնտեսությունը ևս հանդիպեց դժվարությունների: Բայց այսօր ռուսական ռուբլու արժևորման միտում է նկատվում. հնարավոր է վերանայվեն գները»:
Հարցին՝ չե՞ն փորձում շուկան դիվերսիֆիկացնել և արդյոք ռուսական ընկերությունների հետ նախապես դոլարով չե՞ն կնքել պայմանագրեր, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Ռուսաստանում այդքան հեշտ չէ արտադրանք իրացնելը: Բացի այդ, եթե մենք ունենայինք այն հնարավորությունը, որ ՀՀ-ում արտադրված արտադրանքն ունենար այն հատկանիշները, որ մրցունակ լիներ ֆրանսիականի և իտալականի հետ մեր բնագավառում, միգուցե մենք պայմաններ թելադրեինք: Հիմա պայմաններ թելադրողը գնորդն է: Պայմանագրում նշվում է, որ վճարումը իրականացվում է առաքումից երեք կամ հինգ ամսվա ընթացքում: Իսկ պայմանագրերը հիմնականում ռուբլով են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ