Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Ռիո» ակումբում գիշերային կերուխումն ավարտվեց դանակահարությամբ

Մարտ 27,2015 16:03

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ՝ ժամը 04:45-ի սահմաններում, շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխել Գյումրու Չերազի փողոցի 13 տան բնակիչ, 27-ամյա Սամվել Ռուբիկի Երեմյանին, որին ծեծել ու դանակահարել էին:

Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ դանակահարվող երիտասարդի տատիկն ու պապիկը բնակվում են Այգաբաց գյուղում, երիտասարդը  եղել է Այգաբացում, որտեղ և գյուղի՝ իր ընկերներից մեկի հետ կերուխում է արել: Այնուհետ, ըստ ոստիկանության, եկել են Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո» գիշերային ակումբ, այստեղ ևս իրենց լավ են զգացել, որից հետո վիճաբանել են, ու վեճը շարունակել են Գյումրու գերեզմանների մոտ: Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Դանակահարվող տղայի ընկերները նրան տուն են տեղափոխել. կանչել են տղայի մորը. մայրը շտապօգնության աշխատակից է ու այդ օրը եղել է հերթապահ: Մայրն անմիջապես շտապօգնություն է կանչել ու նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Հոդվածը, որը կոչվում է. «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, սահմանում է

1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է ձախ կողմի կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք՝ սրտի և սրտապարկի վնասումով, հեմոթորաս-հեմոտամպոնադա: Նրան ծեծելուց նաև վնասվել է աջ ակնակապիճը: Նրան վիրահատել էին, բժիշկները Սամվել Երեմյանի վիճակը գնահատում են կայուն ծանր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031