Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Այրումի բնակիչները Հովիկ Աբրահամյանին. «Մինչեւ հին պոչամբարի հարցը չլուծեք, թույլ չենք տալու» (Տեսանյութ) 

Մարտ 27,2015 15:58

Լոռու մարզի Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքի միջնամասում գտնվող 12 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան գյուղատնտեսականից փոխվել է արդյունաբերականի, որպեսզի այն եւս տրամադրվի «Ախթալայի» լեռնահարստացուցիչ կոմբինատին` պոչամբար կառուցելու նպատակով:

Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում Մեծ Այրումի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը, որը նաեւ Մեծ Այրումի բնակիչ է ու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի» տնօրենը, ասաց, որ այդ որոշմանը դեմ է ստորագրել: Պոչամբարի կառուցմանը դեմ են նշյալ գյուղերի բնակիչների մեծամասնությունը, քանի որ լավ ծանոթ են արդեն գործող` «Նահատակ» պոչամբարի թողած հետեւանքներին: 2013 թվականից սկսած այս համայնքների բնակիչները բազմիցս ահազանգում են, որ առողջական խնդիրներ ունեն, երեխաները հաճախ գլխացավեր ու սրտխառնոց են ունենում: Մասնագետների մեկնաբանմամբ, բոլոր այդ խնդիրների պատճառը օդի աղտոտվածությունն է: Օլեգ Դուլգարյանը նշեց, որ «Նահատակ» պոչամբարը համայնքի ջրային համակարգին վնասներ է հասցնում, տարիներ շարունակ շահագործվում է առանց անվտանգության կանոնների պահպանման, այնտեղ խորտակվում են համայնքի բնակիչների անասունները:

Ekolur

Մարտի 24-ին եւ 25-ին Ախթալայի շրջակայքը մոնիտորինգի է ենթարկել Երեւանից մեկնած անկախ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի անդամ, ասուլիսի մեկ այլ բանախոս Սեյրան Մինասյանի ներկայացմամբ, ընդհանրապես Հայաստանում հանքարդյունաբերության տեխնոլոգիական մակարդակը, մշակույթը որպես արդյունահանում, առնվազն մի 500 տարվա հնության տեխնոլոգիա է հատկապես Մեծ Այրում, Ախթալա համայնքներում, որտեղ այդ թափոնները անխնա, անփույթ թափված են. «Ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունք է էկոհամակարգի ու բնակչության նկատմամբ: Վերջիվերջո Ախթալայի ձորը եւ գետը ոչնչացրեց այդ կոմբինատը: մենք չունենք գետ մենք ունենք պոչատար, որտեղով գնում է այդ հեղուկը: Պոչանքները, կույտերը ռեկուլտիվացիա չեն անում: «Նահատակի» թափոնները քամու եւ տարբեր եղանակով տարածվում է»:

Օլեգ Դուլգարյանի խոսքերով, իրենք նամակով դիմում են վարչապետին, Ազգային ժողովի խմբակցություններին, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովին բնապահպանության նախարարին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպանին, պահանջելով չեղյալ հայտարարել նոր պոչամբարի կառուցումը, քանի դեռ «Ախթալայի» կոմբինատը չի լուծել հին պոչամբարների ռեկուլտիվացիայի եւ անվտանգության նորմերի պահպանման խնդիրները, մինչ Մեծ Այրում համայնքին չի առաջարկվել առողջապահական եւ բնապահպանական խնդիրները լուծելու փոխհատուցման որեւէ եղանակ կամ օրենսդրական մեխանիզմ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031