Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան. Նախագահի այցը մեր արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից է

Մարտ 27,2015 15:27

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն բավական հագեցած օրակարգով էր, որի ընթացքում ձեռք բերվեցին նաև Հայաստանի համար կարևոր նշանակության պայմանավորվածություններ, ստորագրվեց հռչակագիր: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս այցը պետության արտաքին քաղաքականության և հայ-չինական հարաբերությունների հետագա գործընթացների վրա, փորձեցինք պարզել ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանից:

– Հանրահայտ է, որ Չինաստանն այսօր համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ կարևորագույն դերակատարություն ունի: Այս կոնտեքստում Մետաքսի ճանապարհ կոչվող տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում կարող է դառնալ նոր կապող օղակ և խաղաղ զարգացման կենտրոն համաշխարհային գործընթացների համակարգում: Ուզում եմ ընդգծել, որ Մետաքսի ճանապարհը մշտապես դիտվել է ոչ միայն որպես վառ պատմական երևույթ, այլև ապագայի համար կարևոր դաս և լայնորեն ընկալվել հասարակության կողմից:

Մեր օրերում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող է և պետք է ձեռք բերի նոր նշանակություն՝ տնտեսական նոր միջանցքի ստեղծմամբ՝ քաղաքական ինտենսիվ շփումների, միասնական ճանապարհային ցանցի կառուցման, առևտրային հարաբերությունների ստեղծման, մշակութային և տեղեկատվական փոխանակման միջոցով: Ժամանակակից աշխարհում վերածնված Մետաքսի ճանապարհը կարող է նշանակել ոչ միայն ապրանքաշրջանառության և առևտրատնտեսական զարգացած տրանսպորտային ենթակառուցվածք, այլև նպաստավոր բիզնես կլիմա արդյունաբերական ռեսուրսների տեղաշարժի և համատեղ ծրագրերի իրականացման համար:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի «Մետաքսի ճանապարհ նոր տնտեսական գոտի» առաջարկը, որի նպատակն է վերականգնել պատմական հաղորդակցման այս ուղին արդի աշխարհի պատկերացումներին համապատասխան, կարող է, իսկապես, մեծագույն նշանակություն ունենալ ժամանակակից հասարակությունների կյանքի բոլոր ոլորտների և խավերի համար: Ուզում եմ օրինակ բերել 2014 թ-ի վերջին Չինաստանում տեղի ունեցած «Կանանց ուժերի համախմբում՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական համատեղ գոտու ստեղծման շուրջ» միջազգային կոնֆերանսը, որը փորձում էր նաև կանանց համար ուղիներ և հնարավորություններ գտնել իրենց ներդրումն ունենալու Մետաքսի տնտեսական ճանապարհի կայացման գործում և միաժամանակ նոր հնարավորություն դառնալ՝ կանանց ակտիվ հասարակական և տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար:

Հայաստանն ընտրել է Եվրասիական ինտեգրացիոն ուղղությունը և այս առումով Մետաքսի ճանապարհը լիովին համատեղելի տնտեսական գործընթաց է և ռազմավարական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար: Այս իմաստով խիստ կարևոր էր նախագահ Սերժ Սարգսյանի Պեկինում ունեցած հանդիպումը իր չինացի գործընկեր Սի Ծինպինի հետ, ստորագրված 12 կետից բաղկացած համատեղ հռչակագիրը և միկջպետական հարաբերությունների տարբեր ոլորտներին առնչվող համաձայնագրերի փաթեթը:

Մարտի 26-ին Պեկինում ստորագրված համատեղ հռչակագիրը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության պահպանման տեսանկյունից և փաստորեն դրա ստորագրմամբ Չինաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման օգտին, որը խիստ կարևոր և ծանրակշիռ հայտարարություն է, հատկապես տարածաշրջանի միլիտարիզացիայի գործընթացների համատեքստում:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ հատկանշական է նաև հռչակագրում տեղ գտած 9-րդ կետը, որտեղ կողմերը հավանություն են տալիս «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին»:

-Հայ-չինական համագործակցության կոնկրետ ո՞ր ոլորտներին են առնչվում ստորագրված համաձայնագրերը.

– Դրանք, ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ բնագավառների են առնչվում, ուզում եմ առանձնահատուկ ընդգծել լայնածավալ ծրագրերը տնտեսական համագործակցության ուղղությամբ՝ ներդրումներից, ազգային արժույթների փոխադարձ փոխանակումներից, երկկողմանի առևտրից, համատեղ տնտեսական գոտու ստեղծումից, զբոսաշրջության խթանումից, մինչև էներգետիկայի ոլորտում առանցքային համագործակցություն, որին ևս նոր թափ հաղորդվեց այս այցով, խոսքը՝ Հայաստանում մի քանի գազատուրբինային էլեկտրակայանների կառուցման մասին է, ինչը ենթադրում է խոշոր ծավալների ներդրումներ մեր երկրում: Հատկանշական է, որ այցին զուգահեռ պաշտոնական Պեկինը հայտարարում է ՀՀ-ում չինական մասնավոր ներդրումներ խրախուսելու մասին, ինչը վկայում է , որ Հայաստանն այսօր դիտարկվում է որպես վստահելի տնտեսական գործընկեր և գործնական շահագրգռություն ներկայացնում:

Մյուս կարևորագույն, ես կասեի, գերկարևորագույն ուղղությունը ռազմական ոլորտում հետագա համագործակցության աննախադեպ ընդլայնումն է՝ զինվորական կադրերի պատրաստում, ռազմական բազմակողմանի օգնության ցուցաբերում և այլն, ինչը առավել, քան կարևոր է ներկայումս Ադրբեջանի ահագնացող ագրեսիվ քաղաքականության, տարածաշրջանային հավասարակշռության պահպանման , ինչպես նաև, ռազմական ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման առումով:

Քննարկվող այս բոլոր հարցերը և հաստատված պայմանավորվածությունները Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն և նախագահի նմանօրինակ լեցուն օրակարգով ու բովանդակությամբ այցը , այս առումով, կարելի է ասել, վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից է: Այս բոլոր բաղադրիչները, որոնց մասին խոսվեց, խիստ կարևոր են և ևս մեկ անգամ ապացուցում են Հայաստանի հանդեպ Չինաստանի փոխադարձ հարգանքի, բարեկամական կապերի խորացման պատրաստակամության մասին:

Սա, անշուշտ , ողջունելի է, և չենք կարող չնկատել, որ, այսպիսով` հայ-չինական հարաբերությունները նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա են դրվում և Հայաստանը Չինաստանի համար կարևոր քաղաքակրթական գործընկեր է դառնում հարավկովկասյան տարածաշրջանում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031