«Ես երեկ ԱԺ նախագահին նվիրեցի ղազախական կոնյակ` հայի պատրաստած»,- այսօր «Միջէթնիկ համաձայնությունը`որպես պետության բարգավաճման երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոսժիգիտովը` ներկայացնելով իր երկրում ազգային փոքրամասնություն կազմող քաղաքացիների նկատմամբ պետական մոտեցումը: Քննարկումը նախաձեռնել էին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Նա տեղեկացրեց, որ Ղազախստանում հայ համայնքի ղեկավար Սամվել Կարապետյանն է զբաղվում Ղազախստանում հայկական կոնյակի արտադրությամբ:
Ցանկացած պետության զարգացման համար քննարկվող թեման, դեսպանը հիմնաքարային է համարում, հատկապես այնպիսի պետության, որտեղ էթնոսները 40 տոկոս են կազմում: 17 միլիոնանոց Ղազախստանում 40 տոկոսը հենց տարբեր էթնոսի ներկայացուցիչներ են: «Մենք չենք ասում ազգային փոքրամասնություններ, քանի որ նրանք Ղազախստանի ժողովուրդ են»,- հայտարարեց դեսպանը`հավելելով, որ միայն քաղաքացիական հասարակության կայունության շնորհիվ կարելի է երկրում հասնել տնտեսական զարգացումների: ԽՍՀՄ փլուզումից հետո Ղազախստանի տնտեսական ձեռքբերման գրավականը դեսպանը հենց դա է համարում:
Նա տեղեկացրեց, որ ամռանը Ղազախստանում կկայանա ավանդական եւ համաշխարհային կրոնների ներկայացուցիչների հինգերորդ հավաքը: Երկրորդ հավաքին մասնակցել է Գարեգին Բ-ն: Քարտուղարությունում Հայաստանն ամեն տարի իր ներկայացուցիչն ունենում է: Դեսպանի գնահատմամբ այդ հավաքների ժամանակ միջքաղաքակրթական երկխոսություն է ընթանում:
Դեսպանը բերեց նաեւ մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք բնութագրում են Ղազախստանի զարգացման ցուցանիշները: Բայց երկրի զարգացման գլխավոր բնութագրիչը նա համարում է մարդկային ռեսուրսի զարգացումը: Այս համատեքստում, նա կարեւոր համարեց Ղազախստանի նախագահի ամենամյա ուղերձները Ղազախստանի ժողովրրդին: Այս տարվա ուղերձում Նուրսուլթան Նազարբաեւն ասել է, որ առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը բարեհաջող կհաղթահարեն այն երկրները, որտեղ ժողովուրդը միասնական կլինի: Դեսպանը տեղեկացրեց, որ այս առումով, իր երկրում լուրջ ծրագիր կա, մեծ ներդրումներ կլինեն: Մասնավորաբար, ինը միլիարդ դոլար տարեկան կտրամադրվի ենթակառուցվածքների զարգացման համար, նոր աշխատատեղերի բացման համար, որպեսզի բնակչությունը կարողանա խուսափել սոցիալ-տնտեսական խնդիրներից, աշխատավարձ եւ թոշակներ չկորցնի:
Կարդացեք նաև
Մեծ գումարներ կտրամադրվեն նաեւ քաղաքացիական հասարակության զարգացման համար: Մասնավորաբար, շրջաններում գումարներ են տրամադրվում ազգային փոքրամասնությունների լեզվի զարգացման համար`անկախ այդ համայնքի քանակից: Անգամ 60 մարդ ունեցող համայնքներին համապատասխանաբար գումար է տրամադրվում: «Այսպես է Ղազախստանում ստեղծվում ազգային համաձայնության մթնոլորտը»,- եզրակացրեց դեսպանը:
«Մոտ 40 հազար հայ է ապրում Ղազախստանում, որը ոչ միայն քանակական, այլ որակական ներկայացվածություն ունի»,- ասաց Այիմդոս Բոզժիգիտովը` հավելելով, որ հայերը նաեւ Ղազախստանի կառավարությունում են ներկայացված, կրթական, մշակութային ոլորտներում մեծ դերակատարում ունեն: Օրինակ, Լերմոնտովի անվան թատրոնը հայ է ղեկավարում: Հոգեւոր ոլորտում փոխներկայացվածություն կա: Հայաստանում, Առինջ գյուղում, ղազախական եկեղեցի կա, Ղազախստանում էլ հայկական: Դեսպանը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Ղազախստանի Կոմկուսը ղեկավարել է Լեւոն Միրզոյանը, նրա անունով փողոց, դպրոց կա: Լեւոն Միրզոյանին ի դեպ, աքսորել են իբրեւ ղազախ ազգայնականի: Խորհրդային տարիներին հայ փոխվարչապետ են ունեցել`Վարդանյան ազգանունով:
Հայաստանում էլ ղազախական համայնքի ներկայացուցիչներ կան`հիմնականում խառնամուսնությունների արդյունքում: «Մեր համագործակցությունը պատմություն ունի, մեր նախնիները համագործակցել են, ընկերություն են արել, զարգացել են: Մեր հարաբերությունների հեռանկարը սփյուռքն է. 40 հազարը փոքր թիվ չէ»,- ասաց բանախոսը:
Դեսպանը ներկայացրեց նաեւ իր երկրի կրթական ոլորտում առաջնությունները: Տարեկան երեք հազար ուսանող հնարավորություն ունի կրթություն ստանալ` եվրոպական, ամերիկյան, ռուսաստանյան բարձրագույն դպրոցներում, համալսարաններում: Բոլոր ծախսերը հոգում է Ղազախստանի կառավարությունը, ավելին, թոշակ էլ են տալիս այդ ուսանողներին: Բավարարելով քննարկման մասնակիցների հետաքրքրությունը, դեսպանն ասաց, որ այդ ուսանողները հետո ետ են վերադառնում Ղազախստան, բացառությամբ մեկ-երկու դեպքի, սեփական երկրում աշխատելու: Ովքեր որ ետ չեն վերադառնում, չեն պատժվում: Նրանք մնում են այդ հաստատություններում աշխատելու՝ տեղերում դառնալով Ղազախստանի «դեսպաններ»: Ի վերջո նրանք ետ են վերադառնում`սեփական երկիր բերելով այն չափի ներդրումներ, որ ոչ միայն սեփական ուսման ծախսերն են հոգում, այլ իրենց ընկերների:
ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության դեսպանության խորհրդական Ալմատ Տոեկին էլ իր ելույթում ներկայացրեց «Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի» քսանամյա պատմության հետաքրքիր դրվագները: Կառույցը, հիշեցնենք, ստեղծվել էր Նուրսուլթան Նազարբաեւի ծրագրով: Դրա անդամներն են Ղազախստանում բնակվող էթնիկ համայնքները: Իբրեւ ձեռքբերում, բանախոսն ասաց, որ կառույցի ինն անդամներ արդեն Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչներ են: Թեկնածուներն ընտրվում են կառույցի ներսում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ