Aravot.am-ը տեղեկացրել է, թե ինչպես էր առաջին դասարանցի Հովհաննես Չեպելը դուրս թողնվել դպրոցից: Երեխայի հայրը՝ Իգոր Չեպելը, պնդում էր, որ ոտնահարվել են տղայի իրավունքները: «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ էր հրավիրել ու որոշել է լուծարել առաջին դասարանցի Հովհաննես Չեպելի ներկայացուցչի հետ պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ դպրոցի ընդունող հանձնաժողովի ընդունելության ժամանակ չի ներկայացվել երեխայի՝ Դիլիջանի 2-րդ հանրակրթական դպրոցում սովորող լինելու փաստը:
Այսօր՝ մարտի 27-ին, Իգոր Չեպելը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք դիմել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նաեւ միջնորդություն են ներկայացրել՝ երեխայի դպրոց հաճախելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Ծնողի ասելով, այժմ Հովհաննես Չեպելը կհաճախի դպրոց՝ մինչեւ դատարանի վճիռ կայացնելը: Նրա խոսքով, դպրոցից դուրս թողնվելու արդյունքում երեխան ընկճված ու ինքնամփոփ էր դարձել, ու դասընկերների հետ հանդիպելը նրան վերջապես դուրս կբերի այդ վիճակից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ adme.ru-ի