Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ԵՄ զեկույցում հրապարակված պնդումների հետ համաձայն չէ:
ԵՄ զեկույցի համաձայն, հայաստանյան մի շարք ոլորտներում որեւէ դրական տեղաշարժ չկա։
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, զեկույցը չափազանցված է, մի շարք ոլորտներում դրական փոփոխություններն այնքան տեսանելի են անզեն աչքով. «Խիստ եք մոտենում, ինձ թվում է, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա։ Օրինակ՝ լրատվական դաշտի ազատությունը: Տարիներ առաջ ընդդիմադիրները բողոքում էին, որ հեռուստաընկերություններն ու մամուլը նրանց չի լուսաբանում, հիմա հակառակն է՝ ավելի շատ ընդդիմությանն են լուսաբանում»: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, այսօր կա նաեւ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունը, ինչը նույնպես դրական տեղաշարժ է։ Այսօր չկա դեպք, որ իշխանությունը խոչընդոտի որեւէ մեկին խաղաղ հավաք կազմակերպել, կամ չեն փակում մարզերից եկող բնակիչների ճանապարհը. «Բոլոր ցույցերից հետո քննարկում է ծավալվում, չի եղել մի դեպք, որ նույնիսկ 5 հոգին բողոքեն եւ մենք նրանց խնդրին չանդրադառնանք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, որ ապրիլի 24-ից սկսում են շուրջօրյա հանրահավաքներ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես նրան քաղաքական գործիչ չեմ համարում: Թող հանրությունն անդրադառնա եւ գնահատական տա։ Ես վստահ եմ, որ ինքը մինչեւ ապրիլի 24-ը կգիտակցի եւ չի անի նման բան»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված ՀՀԿ-ականների ընկերություններում հարկային մարմինների ստուգումները՝ նա վստահեցրեց, որ կուսակցական պատկանելիության խնդիր իրենք չեն դնում. «Սովորական գործընթաց է որին պետք է նորմալ վերաբերվել անկախ կուսակցական պատկանելությունից։ Սերժ Սարգսյանը միշտ էլ հայտարարել է, որ անձնական վերաբերմունքը չի կարող անդրադառնալ հարկային ստուգումների վրա: Կարծում եմ, որ պետք է շարունակական լինի դա։ Մենք չենք անձնավորում, քանի որ բոլորը պետք է գործեն հարկային դաշտում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ