Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում օրենսդրական փոփոխություններ մտցնել

Մարտ 27,2015 13:50

Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարումը, ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը, էներգաարդյունավետության բարձրացումը, սպասարկումը դեռեւս չլուծված խնդիրներ են համարվում բազմաբնակարան շենքերի ֆոնդում, որոնք կարիք ունեն հրատապ լուծման: Այս տեսակետն այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և կառավարման արդի խնդիրներ. հեռանկարներ և օրենսդրական բարելավման առաջարկություններ» թեմայով ասուլիսին հայտնեց բնակարանաշինությամբ զբաղվող «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

«Բազմաբնակարան շենքերի խնդիրները կապված են ներկա սոցիալական իրավիճակի հետ եւ ոլորտի ինստիտուցիոնալ եւ օրենսդրական դաշտի ցածր արդյունավետության հետ»,-վստահեցնում է բանախոսը: Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» կազմակերպությունն ուսումնասիրություն է իրականացրել՝ հիմք ընդունելով Վիշեգրադյան երկրների՝ Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի եւ Հունգարիայի օրենսդրական դաշտերը, ինչպես նաեւ Ուկրաինայի օրենսդրական դաշտը:

Բնակարանային ոլորտի փորձագետ Աստղինե Պասոյանն էլ ներկայացրեց այս երկրներում կատարված ուսումնասիրությունների փաթեթը: Փորձագետը տեղեկացրեց, որ ընտրվել են Վիշեգրադյան այդ 4 երկրները այն նպատակով, որ դրանք վերջին տարիներին բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում մեծ առաջընթաց են գրանցել եւ օրենսդրական բարեփոխումների մեծ էվոլյուցիա են ունեցել:

Հայաստանի բազմաբնակարան շենքերի ոլորտի կառավարման դաշտում փորձագետը մի շարք փոփոխություններ է առաջարկում. «Առաջինը՝ բազմաբնակարան շենքի բաժնային սեփականության՝ որպես գույքի գրանցման, չափագրման եւ անձնագրման խնդիրն է: Մենք, բացի  մեր սեփական տարածքից տնօրինում ենք նաեւ ընդհանուր տարածքներ՝ տանիքներ, նկուղներ եւ այլն եւ այդ սեփականությունը իրավական ձեւակերպում չի ստացել՝ չկա համապատասխան փաստաթուղթ»:

Մյուս առաջարկը կայանում է նրանում, որ պետք է նորացնել շենքերի տեխնիկական անձնագրերը եւ ուշադրություն դարձնել այդ շենքերի էներգետիկ ցուցանիշների նկարագրմանը. «Մեր բնակֆոնդը սպառում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը : Այս պարագայում տեխնիկական անձնագրերում էներգետիկ ցուցանիշների ներգրավումը թույլ կտա շենքերը էներգախնայող դարձնել եւ Հայաստանում էներգաարդյունավետությունը զարգացնել»:

Հաջորդ խնդիրը բազմաբնակարան շենքերի սպասարկման վճարներին է վերաբերում. «Վճարները չեն հավաքագրվում, կառավարման մարմինները բավական միջոցներ չեն տնօրինում, որպեսզի պատշաճ սպասարկվեն բազմաբնակարան շենքերը: Հետևաբար` օրենսդրական բարեփոխումների մեջ առաջնային խնդիրը հաշվարկման բանաձեւերի ճշտումն է, դրույքաչափերի սահմանումը եւ դրանց գանձման ավելի արդյունավետ ճանապարհների մշակումը»: Բազմաբնակարան շենքերի կառավարման, սպասարկման որակի բարձրացման տեսանկյունից մասնագիտացված կառույցների ներգրավման հնարավորությունն էլ մեկ այլ առաջարկ է:

Այս բոլոր բարեփոխումների համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ են ներդրումներ ոչ միայն պետության, այլեւ մասնավոր սեկտորի կողմից:

Ուսումնասիրությունների փաթեթը վերջնական տեսք կունենա մարտ ամսվա վերջին: Փաթեթը կյանքի կոչելու համար կազմակերպությունը կսկսի գործընկեր ֆոնդեր եւ բանկեր փնտրել:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031