Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Կուսակցությունը խանութ կամ օֆիս չէ, բանալին էլ մեզանից որեւէ մեկի գրպանում չէ». «Ազգ»

Մարտ 27,2015 13:44

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ վերջին շրջանում շատ խոսվեց թվում է, բայց, միեւնույն է, հասարակությունը շատ հարցերի պատասխան այդպես էլ չստացավ: «Ազգը» այդ հարցերի պատասխանը փորձեց ստանալ ԲՀԿ նախագահ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:

– Խորհրդարանում այս շաբաթ հայտարարեցիք, որ ձեր խմբակցությունն ընդդիմադիր է: Այդ «ընդդիմադիրը» շատ տարողունակ հասկացություն է` արմատակա՞ն եք, կառուցողակա՞ն եք, լիբերալ գաղափարախոսության կրո՞ղ եք` մանավանդ նախորդ ԲՀԿ-ն իրեն այլընտրանք էր անվանում…

– Ես ձեռնպահ կմնամ «ընդդիմադիր» ձեւակերպման երանգավորումները մեկնաբանելուց` արմատական, կառուցողական… Հիմա նոր տերմին է շրջանառության մեջ դրվում՝ «ինստիտուցիոնալ ընդդիմություն»: «Բարգավաճ Հայաստանը» գործելու է ընդդիմադիր դաշտում

– Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածից հետո նաեւ տեսակետ հնչեց առ այն, որ ճիշտ կլիներ, որ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն լուծարվեր, քանի որ ԲՀԿ-ն նրա շուրջ ստեղծված կուսակցություն էր…

– Նախ` Գ. Ծառուկյանի եւ մեր կուսակցության ու խմբակցության հարաբերությունները խիստ մարդկային ու ջերմ են: Ուզում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, ում մտքով կանցնի, որ մեզանից որեւէ մեկը կարող է երբեւէ ոչ պատշաճ կամ ոչ հարգալից քայլ անել Գ. Ծառուկյանի հանդեպ: Նա կուսակցության հիմնադիրն է, նա լուրջ ավանդ եւ ներդրում ունի «Բարգավաճ Հայաստանի» կայացման գործում, ԲՀԿ-ն էլ այսօր հանրային մեծ վստահություն վայելող ուժերից մեկն է: Իսկ ինչ վերաբերում է լուծարվելու տեսակետին` ԲՀԿ-ն մի հոգանոց կուսակցություն չէ, բազմահազարանոց կուսակցություն է, ստացել է 500 հազար քաղաքացու քվե, կուսակցությունն էլ խանութ կամ օֆիս չէ, բանալին էլ մեզանից որեւէ մեկի գրպանում չէ, որ մեջքով շրջվենք մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր էլ մեր կողքին կանգնած են եւ հույսեր են կապում ԲՀԿ-ի հետ. նրանց ասե՞նք` «ցտեսություն, մենք գնացի՞նք»: Մենք պատասխանատվություն ունենք հարյուրհազարավոր քաղաքացիների առջեւ: Այսօր ես որպես ԲՀԿ նախագահ ստորագրել եմ ԲՀԿ-ին անդամակցելու 107 նոր դիմում, նրանց գերակշիռ մասը մտավորականներ են:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031