«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, «Վիշեգրադ» միջազգային ֆոնդի ֆինանսավորմամբ կազմակերպել էր մամուլի ասուլիս՝ «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և կառավարման արդի խնդիրներ. հեռանկարներ և օրենսդրական բարելավման առաջարկություններ» թեմայով:
Մամուլի ասուլիսի կազմակերպման նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման, շահագործման, էներգաարդյունավետության բարձրացման բնագավառում առկա խնդիրները, Հաբիթաթ Արմենիայի կատարած աշխատանքներն այս ոլորտում, գրանցած հաջողությունները, ինչպես նաև կազմակերպության կողմից մշակված օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
«ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գործընկերային հարաբերություններ է հաստատել Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի հետ և 2015 թվականի մարտի 13-ին կնքվել է համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրում, ի թիվս այլ ուղղությունների, ամրագրվել են նաև բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման, սպասարկման, ինչպես նաև շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման ուղղություններով համագործակցությունը»,-նշում է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանը:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իր 2014-2018 թթ. ռազմավարական պլանում գերակա ճյուղ է համարել բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների բարելավումը, էներգաարդյունավետության բարձրացումը, համատիրությունների կարողությունների զարգացումը: Այդ իսկ պատճառով Հաբիթաթ Արմենիան ունի երեք ակտիվ ծրագիր այդ ոլորտում: Ծրագրերի իրականացման համար աշխատում ենք «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրված Փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում:
Կարդացեք նաև
Համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված ՓՀ-ի՝ մինչև 40% սուբսիդիա է տրամադրվում այն համատիրություններին, որոնք ցանկանում են մասնակցել ՀՖՀ Արմենիայի կողմից իրականացվող ծրագրերին և բարելավել շենքերի պայմանները և էներգաարդյունավետությունը, իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համատիրություններին տրամադրում է վարկային միջոցներ»,- նշում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
Բազմաբնակարան ֆոնդի շահագործման և կառավարման բնագավառում ներկայումս առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Այս ոլորտի խնդիրների զգալի մասը ունի օրենսդրական լուծումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք:
Հաբիթաթ Արմենիայի կողմից մշակված առաջարկությունների փաթեթի կազմման աշխատանքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Վիշեգրադյան հիմնադրամի երկրների և Ուկրաինայի կուտակած փորձի ուսումնասիրությունը և գիտելիքների ձեռքբերումը:
«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքում անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել ԲԲՇ ընդհանուր բաժնային սեփականության հանդեպ իրավունքներն ու պարտականությունները, գույքագրել, հաշվառել և ամրագրել այս սեփականությունը: Անհրաժեշտ է կանոնակարգել ԲԲՇ կառավարման, պահպանման, սպասարկման, պարտադիր նորմերի պահպանման և վերանորոգման վճարների հավաքագրման կարգը, վերանայել համապատասխան դրույքաչափերի սահմանման սկզբունքները, ինչպես նաև պահուստային ֆոնդի ձևավորման կարգը:
Միաժամանակ, անհրաժեշտություն կա մի շարք բարեփոխումների, որոնք հնարավորություն կտան այս ոլորտում ներգրավել մասնագիտացված կառավարչական ծառայություններ, ինչպես նաև կապահովեն այս ոլորտում անհրաժեշտ մասնավոր ներդրումների հոսքը՝ հստակեցնելով պետության մասնակցության մեխանիզմները»,-նշում է բնակարանային ոլորտի փորձագետ Աստղինե Պասոյանը:
Մամուլի ասուլիսը կազմակերպվել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կողմից իրականացվող «Համատիրությունների կառավարմանը քաղաքացիական ներգրավվածության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Վիշեգրադ» միջազգային ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մամուլի հաղորդագրություն