Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թվականից Հայաստանում կգործի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը

Մարտ 27,2015 12:58

Հայաստանում 2016 թվականի սկզբին արյունաբանական կենտրոնում կգործի ինտենսիվ քիմիոթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը: Այսօր «Արյան ուռուցքային հիվանդությունների ժամանակակից ախտորոշում, կանխատեսում և կառավարում` ցողունային բջիջների փոխպատվաստման շեշտադրմամբ» թեմայով ուսուցողական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը:

Շատ հիվանդներ այսօր ոսկրածուծի փոխպատվաստումը իրականացնելու նպատակով Հայաստանից մեկնում են արտասահման: Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ այս հանգամանքն է հիմք հանդիսացել, որպեսզի կառավարության կողմից ստեղծվի ծրագիրը, որն իրականացվում է համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Այսօր արյունաբանական կենտրոնի ռեգիստրում կան գրանցված շուրջ 8000 հիվանդներ, որոնցից 2500-ը փոքր տարիքի հիվանդներ են: Ըստ գլխավոր արյունաբանի՝ լեյկեմիան շատ ծանր բուժվող հիվանդություն է եւ, երբեմն, անհրաժեշտություն կա այդ հիվանդներին կատարելու ոսկրածուծի փոխպատվաստում. «Մենք կարող ենք տարեկան իրականացնել 50-60 ոսկրածուծի փոխպատվաստում, իսկ այն հիվանդները, որոնք տարիների ընթացքում չեն իրականացրել իրենց բուժումը, 2016 թվականից արյունաբական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում կստանան իրենց՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցված բուժումը»։

Ինչպես տեղեկացրեց պրն Դաղբաշյանը՝ նոր բացվող բաժանմունքում աշխատելու համար բժիշկները նույնպես պետք է վերապատրաստվեն. «Երբ նոր տեխնոլոգիաները, մեթոդները ներդրվում են, շատ ժամանակ բժիշկների մոտ դրանց տիրապետելու դժվարություններ կարող են առաջանալ: Այդ իսկ պատճառով հայկական արյունաբանների ասոցիացիայի խնդրանքով այսօր Երեւանում են Եվրոպայի հեմաթոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչները՝ 11 պրոֆեսորներ, որոնք կրթական ծրագիր են իրականացնում Հայաստանում»: Ծրագրին մասնակցում են ոչ միայն Հայաստանից արյունաբանական կենտրոնի արյունաբանները, այլեւ եվրոպական շատ երկրների երիտասարդ մասնագետներ:

«Մեր մասնագետները ստանալու են համապատասխան գիտելիքներ ինչպես ինտենսիվ քիմիոթերապիայի ոլորտում, արյան ուռուցքային հիվանդությունների բուժման ոլորտում, այնպես էլ նախապատրաստելու ենք մասնագետներ՝ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում աշխատելու համար»,- տեղեկացրեց Սմբատ Դաղբաշյանը:

Պրն Դաղբաշյանը վստահեցնում է, որ Հայաստանում առողջապահության մակարդակը՝ մասնավորապես արյունաբանության եւ արյան ուռուցքների բուժման մակարդակը շատ բարձր է. «Տարածաշրջանում մեզ դիմում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլեւ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից ունենք այցելուներ: 2016 թվականին այս կենտրոնը, որ կվերաբացվի, կլինի տարածաշրջանում եզակի կենտրոն, որտեղ մեզ այցելելու են տարածաշրջանի այն երկրների մարդիկ, որոնք մեկնում են արտերկրի զարգացած կլինիկաներում բուժվելու»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031